Քրեական պատասխանատվության կենթարկվի ոչ թե լրագրողը կամ ԶԼՄ-ն, այլ դատավարության մասնակիցը. Գլխավոր դատախազ
Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի համար շատ տաօրինակ էր, որ նախաքննական գաղտնիությունը պահպանելու մասին գլխավոր դատախազության հայտարարությունը այդքան մեծ քննարկման առարկա դարձավ:
«Դատախազության հաղորդագրությունները տարածվում են` ապավինելով իրավական տարրական գիտելիքների առկայությանը, քանի որ նախաքննության գաղտնիքի հրապարակումը քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է, և հանցագործության կատարման դեպքում անձինք ենթարկվելու են պատասխանատվության: Այս պարագայում մեծ ջանքեր կամ գիտելիքներ չէր պահանջվի, եթե որևէ մեկը հետևություններ, մեկնաբանություններ, տպավորություններ կիսելուց առաջ ընդամենը դիմեր գոնե մասնագետի խորհրդին», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Կոստանյանը:
Նրա ներկայացմամբ, նախաքննության գաղտնիքը հրապարակելու համար քրեական պատասխանատվությունը նախատեսվում է առնվազն այն սուբյեկտի համար, «ով դեպքերի հանգամանքների բերումով տեղեկացվածություն է ձեռք բերել նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների մասին»: Իսկ հայտնի է, որ նախաքննության ընթացքին տեղյակ են և տվյալներ կարող են ունենալ դատավարական կողմերը:
«Եթե որևէ մեկը մեկնաբանելուց առաջ ցանկացած, անգամ քրեական իրավունքի դասագիրք, բացեր, կհասկանար, որ նախաքննության գաղտնիքի հրապարակման համար պատասխանատվություն սահմանվում է տվյալ գործով դատավարական մասնակիցների համար: Այսինքն` եթե այն մասնակիցը, որին հանգամանքի բերումով հասու է դարձել նախաքննության տվյալը, ապա նա այդ տվյալը հրապարակելու համար ենթարկվելու է քրեական պատասխանատվության», -հայտարարեց Կոստանյանը:
Հիշեցնենք` նախաքննության գաղտնիությունը պահպանելու մասին Գլխավոր դատախազության հիշեցումից հետո, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հանդես եկավ հայտարարությամբ, որով խիստ մտահոգիչ համարեց այն, նշելով. «ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունն ընկալվում է ոչ թե որպես օրինականության ապահովմանն ուղղված գործողություն, այլ ուղղակի սպառնալիք ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական գործունեության իրականացմանը»:
Անդրադառնալով քննարկման առարկա դարձած լրագրողների կողմից աղբյուրը չբացահայտելու մասին խնդրին, Կոստանյանը վկայակոչելով «Զանգավածային լրատվության մասին» օրենքը, շեշտեց, որ լրագրողը պարտավոր չէ բացահայտել իր տեղեկատվության աղբյուրը:
«Եթե լրագրողը կօգտվի այդ իրավունքից և չի հրապարակի իր տեղեկատվության աղբյուրը, դա լրագրողի իրավունքն է: Եթե կհրապարակի, դա ևս լրագրողի իրավունքն է: Համենայնդեպս, քրեական պատասխանատվության սուբյեկտը ոչ թե լրատվության միջոցն է կամ լրագրողը, այլ այն ում դատավարության մասնակից լինելու պայմաններում հասու է դարձել տեղեկատվությունը», -ներկայացրեց գլխավոր դատախազը` նշելով, որ լավ կլիներ, թե կարծիքներն ու մտահոգությունները մասնագիտական հենք ունենային:
Եթե այնուամենայնիվ, լրագրողը չի բացահայտում իր տեղեկատվության աղբյուրը, ապա ըստ Կոստանյանի, կան այլ ընթացակարգեր օրենքով սահմանված, որ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում դատական կարգով լրագրողը կարող է պարտավորություն կրել տեղեկատվության աղբյուրը հրապարակլու համար:
Հարակից հրապարակումներ`
Նախաքննական տվյալների հրապարակումը քրեորեն պատժելի է. Գլխավոր դատախազություն
Դատախազության հայտարարությունը լրագրողին պատասխանատվության ենթարկելու ակնարկներ է պարունակում. ԻԱԿ