Որտե՞ղ է Հայաստանի շահը, ընդհանրապես մենք շահեր ունենք, դրանք ինչ-որ մեկը ներկայացնելու և պաշտպանելո՞ւ է. Ն.Զոհրաբյան
2013թ-ի պետական բյուջեի քննարկումները խորհրդարանում հասան եվրաինտեգրման ոլորտին: Եվրանտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, դիմելով արտգործնախարարության ներկայացուցիչ Կարեն Նազարյանին, հետաքրքրվեց` ո՞վ և ե՞րբ է ներկայացնելու և պաշտպանելու Հայաստանի շահերը` հղում անելով Աստանայում նախագահ Նազարբաևի այսօրվա հայտարարությանը:
«Նազարբաևի այսօրվա հայտարարության մեջ հստակ ասվում է` Եվրասիական տնտեսական միությունը սպասարկում է երեք պետությունների` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի շահերը: Որտե՞ղ է Հայաստանի շահը, ընդհանրապես մենք շահեր ունենք, դրանք ինչ-որ մեկը ներկայացնելու և պաշտպանելո՞ւ է, որովհետև սա շատ ամբիցիոզ հայտարարություն է, թե այս տարածքը հետապնդում է միայն այդ երեք պետությունների շահերը»,- հետաքրքրվեց Ն.Զոհրաբյանը` նշելով, որ այս հայտարարությունը առավել մտահոգիչ է այն փաստի ֆոնին, որ մինչև հունիսի 15-ը Հայաստանը միանալու է այդ պայմանագրին:
Արտգործնախարարության ներկայացուցիչը սակայն այդպես էլ հստակ պատասխան չտվեց այս հարցի վերաբերյալ` նախ, նշելով, որ առաջին օրն է այդ պաշտոնում և որ ինքը այնքան էլ կոմպետենտ չէ այդ հարցին պատասխանելու համար: Իսկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի բացակայությունն էլ հարգելի որակեց, քանի որ նա մեկնել է Աստանա:
Ն.Զոհրաբյանն իր խոսքում ևս մեկ անգամ մտահոգությունն արտահայտեց այն կապակցությամբ, թե խորհրդարանականները իրավունք ունեն իմանալու ինչ է կատարվում և ինչ զարգացումներ են լինելու: Նրա խոսքով` այսօրվա որոշ հայտարարություններ լուրջ մտահոգվելու տեղիք են տալիս, քանի որ պարզ չի, թե Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն ինչպիսին է լինելու և որտեղ են լինելու սահմանակետերը Ղարաբաղի հետ:
«Ո՞վ է բացատրելու խորհրդարանին ու ժողովրդին` ի վերջո Լեռնային Ղարաբաղը լինելո՞ւ է այդ տնտեսական տարածքում, թե՞ ոչ»,- նշեց նա:
Նշենք, որ գրեթե ցանկացած հարցի ԱԳՆ ներկայացուցիչը արձագանքում էր միանման` իր աշխատանքային առաջին օրն է, նա կոմպետենտ չէ կամ դեռ չի հասցրել ծանոթանալ: Ի վերջո ներկա պատգամավորները դժգոհություն հայտնեցին, որ ԱԺ կարող էր գալ ավելի կոմպետենտ մեկը, ով գոնե կպատասխաներ այսքան կարևոր հարցերին:
Նախորդող հրապարակումներ`
Ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը
Պուտին. Եվրասիական տնտեսական միությունը կաշխատի համընդհանուր և հասկանալի կանոններով
Սերժ Սարգսյան. «Վստահ եմ, որ 2-3 օրվա ընթացքում կկարողանանք գտնել փոխընդունելի որոշումներ»
Լուկաշենկոն դժգոհություն է հայտնել Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրի նախագծի կապակցությամբ
Նազարբաև. Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրում կա Հայաստանի միանալու մասին կետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան