Պուտին. Եվրասիական տնտեսական միությունը կաշխատի համընդհանուր և հասկանալի կանոններով
Եվրասիական տնտեսական միությունը կաշխատի համընդհանուր և հասկանալի կանոններով, այդ թվում Առևտրի համաշխարհային կազմակերպության կողմից ընդունված նորմերով և սկզբունքներով: Այս մասին «Իտառ Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Աստանայում մեկնարկած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը անբողջությամբ պատրաստ է ստորագրման:
«Դա մեր համատեղ աշխատանքի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կառավարությունների սերտ համագործակցության արդյունքն է»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ ընդհանուր կառուցողական տրամադրվածության, փոխզիջումների գնալու յուրաքանչյուր կողմի պատրաստակամության և ունակության շնորհիվ հնարավոր է եղել հաղթահարել շատ դժվարություններ և ժամանակին, ինչպես նախատեսվել էր՝ մինչև 2014թ.-ի հունիսի 1-ը, կարողանալ ստորագրել Եվրասիական տնտեսական միության հիմնադիր պայմանագիրը:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որի շրջանակներում նախատեսվում է ստորագրել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, որը ուժի մեջ կմտնի 2015թ.-ի հունվարի 1-ից: Նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Ղազախստան է մեկնել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Միության ստեղծումը մասնակից պետություններին դուրս կբերի ինտեգրման ավելի բարձր մակարդակ: Երեք պետությունները պարտավորություններ են ստանձնում երաշխավորել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, իրականացնել համաձայնեցված քաղաքականություն տնտեսության առանցքային ոլորտներում ՝ էներգետիկա, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տրանսպորտ: Այդպիսով կավարտվի ԱՊՀ տարածքում խոշորագույն ընդհանուր շուկայի ձևավորումը (170 մլն մարդ), որը կլինի տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն»,- ասված է Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի գործառնության գործնական ասպեկտները: Կքննարկվեն եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մասնակիցների կազմի հետագա ընդլայնման, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու և Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ-իրավական բազային Ղրղզստանի օրենսդրության համապատասխանեցման ճանապարհային քարտեզի պատրաստման հարցերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան