Հղի կնոջ մահվան հավանական պատճառը հարպտղաջրային էմբոլիան է. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանձնարարել է ուժեղացնել առողջապահական տեսչական հսկողությունը հանրապետության բոլոր ծննդատների նկատմամբ, հայտնաբերված բացթողումներն ու թերացումները դարձնել լուրջ քննարկման առարկա` անհապաղ ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ։ Նախարարը գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգին հանձնարարել է հանրապետության կանանց կոնսուլտացիաներում հավանական բոլոր բարդությունների կանխարգելման համար միջոցառումներ ձեռնարկել։ Այս մասին հայտնում են ԱՆ լրատվական ծառայությունից:
Աղբյուրը նշում է, որ մայիսի 28-ին, ժամը 22-30-ի սահմաններում Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում արձանագրվել է մայրական մահվան դեպք: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ անմիջապես Գյումրի է մեկնել ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը մասնագետների խմբի` անեսթեզիոլոգի, ռեանիմատոլոգի և մանկաբարձ-գինեկոլոգի հետ։ Խումբը մշտական հեռախոսակապի մեջ է եղել ՀՀ ԱՆ գլխավոր ռեանիմատոլոգ Անատոլի Գնունու հետ։ Տեղում ծանոթացել են բժշկական փաստաթղթերին, այդ թվում` ծննդաբերության պատմությանը, ինչպես նաև ձեռնարկված բժշկական միջոցառումներին։
Կինը եղել է ծննդաբերության առաջին շրջանում, առողջական ցուցանիշները` զարկերակային ճնշումը, անոթազարկը, շնչառությունը, եղել են նորմալ։ Հանկարծակի վիճակը կտրուկ վատացել է, արձանագրվել է գիտակցության կորուստ, շնչառության կանգ, անոթազարկի բացակայություն։ Ռեանիմատոլոգի կողմից ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումները, ցավոք, արդյունք չեն տվել և արձանագրվել է կենսաբանական մահ։
Ենթադրյալ ախտորուշումն է` 41-42 շաբաթական հղիություն, երրորդ աստիճանի ճարպակալում, ծննդաբերության առաջին շրջան, պտղաջրերի վաղ արտահոսք։ Մահվան հավանական պատճառն է հարպտղաջրային էմբոլիան։
Ուսումնասիրության արդյունքները կքննարկվեն ՀՀ ԱՆ ծննդօգնության խորհրդում։ Նախարարի կողմից ղեկավարվող խորհուրդն այսուհետև կքննարկի նաև բոլոր այն բարդությունները, որոնք կարող են հանգեցնել նման ելքի։
Այցի ընթացքում մայրաքաղաքից գործուղված մասնագետները բժշկական անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել նաև Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոնում կեսարյան հատումից հետո ներքին արյունահոսությամբ ծննդկանին։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ կնոջ վիճակը կայունացել է, նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Նախորդող հրապարակում՝
Գյումրիում ծննդաբերության ժամանակ 38-ամյա կին է մահացել. Aravot.am
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա