Գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանը գտնվում է առողջապահության նախարարի վերահսկողության տակ
Ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանը գտնվում է բժիշկների մշտական ուշադրության կենտրոնում, իսկ առողջապահության նախարարությունն անհրաժեշտության դեպքում պատրաստ է հոգալ նրա բուժման բոլոր ծախսերը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսպես ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նախարարը նշեց, որ ինքն անձամբ խիստ վերահսկողություն է սահմանել՝ ելնելով այն հանգամանքից, որ Արսեն Խոջոյանը սոցիալապես անապահով ընտանիքից է և գտնվում է հանրության և լրագրողների ուշադրության կենտրոնում:
Պատասխանելով հարցին, թե Ա. Խոջոյանի առողջությունը վատացել է և արդյո՞ք նախարարությունը փորձել է ստուգել կասկածներն այն մասին, որ Խոջոյանին գերության ժամանակ դիզվառելիք են ներարկել, Ա. Մուրադյանը պատասխանեց, որ առողջապահության նախարարությունը չի կարող փորձագիտական աշխատանք կատարել:
«Նախարարությունը կարող է հիվանդի մոտ բժշկական անձնակազմ ուղարկել և կարող է նպաստել, որ այդ մարդուն տեղափոխեն բուժհիմնարկ, որտեղ նրան բուժօգնություն ցույց կտան: Ինչ վերաբերում է փորձագիտական մասին, դա արդեն պետք է դատաբժշկական փորձաքննության առարկա դառնա»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ առանց հիվանդի համաձայնության չեն կարող նրան հիվանդանոց տեղափոխել, ուստի, անհրաժեշտ է, որ նրանք դիմեն նախարարությանը:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 7-ին Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 23-ամյա Արսեն Խոջոյանը, մոլորության հետևանքով հատել էր հայ-ադրբեջանական սահմանը ու հայտնվել գերության մեջ: Նա հայրենադարձվել է ապրիլի 10-ին: