«Որքան Հայաստանին է անհրաժեշտ ԵՏՄ-ին անդամակցությունը, այնքան էլ ԵՏՄ-ին պետք է Հայաստանը»
«Այդ տարբերակը, տարբերակ չէ` Հայաստանում բնակվող և աշխատող, առավել ևս քաղաքականությամբ զբաղվող ոչ մի գործիչ այդ տարբերակը չի դիտարկում։ Ես չեմ պատկերացնում հայաստանյան որևէ կուսակցության ներկայացուցչի, որը նման աբսուրդային գաղափար կարող է լուրջ ընդունել և իրոք քննարկել»,-Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` մեկնաբանելով Աստանայի հայտարարություններն ու որպես դրանց արձագանք այն մտահոգությունները, թե Հայաստանի և ԼՂՀ-ի միջև կդրվի մաքսային սահման` Եվրասիական տնտեսական միության անդամակցելու դիմաց։
«Հայաստանը և ԼՂՀ-ն միասնական տարածք է, մենք, այո, ունենք երկու պետություն, բայց` միասնական տնտեսական տարածք, միասնական կրթական տարածք, միասնական մշակութային տարածք, նաև միասնական պաշտպանական տարածք, որովհետև Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ երաշախավորն է Արցախի բնակչությանն ու անվտանգությանը»,- նշեց Ա.Աշոտյանը:
Հարցին, թե ինչու Աստանայում երեք նախագահները չքննարկեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը, ՀՀԿ-ական գործիչը նշեց, թե նման հարցադրման իրավունք չունենք, քանի որ առհասարակ նամակներն անձնական կատեգորիա են: Բացի այս, նա նման կատեգորիկ պնդում չէր անի և վերջապես` հանդիսանալով Եվրասիական ընդհանուր տնտեսական միության Հայաստանի անդամակցության կողմնակից ինքն ուղղակի զերծ կմնա առավել կտրուկ մեկնաբանություններից: Ավելի պատկերավոր լինելու համար էլ բերեց օրինակ. «Վստահաբար յուրաքանչյուրդ մի հարևան, բարեկամ կամ ընկեր ունեք, որն այդքան էլ սիրված չէ այլոց կողմից, բայց պարբերաբար ձեզ մի բան է խնդրում, բզբզում է, իսկ դուք էլ ստիպված ինչ-որ մի բան անում եք ասելու համար, որ արել եք։ Ես կարծում եմ, որ այս հոգեբանական գործոնները կարող էին լինել նաև այս պարագայում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները մեծ խանդով են վերաբերում Հայաստանի անդամակացությանը ԵՏՄ-ին և հասկանում են դրա բոլոր հետևանքները: Հանրապետության ներսում գտնվող բոլոր քննադատների համար ևս ակնհայտ է, որ եթե ԵՏՄ-ի անդամակցությունը վատը կամ կործանարար լիներ, և բացասական հետևանքներ ունենար, ապա վստահաբար Ադրբեջանի իշխանությունները հաճույքով կհետևին, թե ինչպես է Հայաստանը կատարում այդ քննադատների սխալ աշխարահաքաղաքական ընտրությունը, որը տանում է փակուղի և կործանվում»:
Ա.Աշոտյանը նաև ավելացրեց, որ Ադրբեջանի իշխանությունների նման ռեակցիան ակնհայտորեն հաստատում է ևս մեկ անգամ, որ իրենք լավ են հաշվարկել ու պատկերացնում Հայաստանի համար դրական բոլոր արդյունքները` և քաղաքական, և տնտեսական, և ռազմական, որոնք ի հայտ կգան անդամակցությունից հետո և դրա համար ամեն կերպ փորձում են կանխել դա։
Բայց, վստահություն հայտնեց նա, կանխել չի հաջողվի, որովեհտև Ադրբեջանից չէ կախված անդամակցության խնդիրը. «Կարծում եմ, որ Հայաստանը երեկ մատնանշված ժամկետներում կմիանա ԵՏՄ-ին և 2015 թ-ի հունվարի մեկից կլինի այդ միության լիիրավ անդամը»:
Աշոտյանի կարծիքով, այն ինչ երեկ հնչել է չի կարող խոչընդոտ հանդիսանալ Հայաստանի անդամակցությանը, որովհետև և' Ղազախստանը, և' Բելառուսը, և' Ռուսաստանը քանիցս ընդգծել են իրենց շահագրգռվածությունը Հայաստանի նկատմամբ: Ակնհայտ է, որ Հայաստանի հարաբերությունները կառուցողական լինելով բոլոր երկրների հետ այս պարագայում խարսխված են Մոսկվայի հետ ունեցած գերակա հարաբերությամբ:
«Գաղտնիք չէ, որ նման միություններում մեկը լինում է առաջնորդող ուժ։ ԵՏՄ-ի մեջ ինձ մի բան է դուր գալիս, որ գործընկերները հավասար են և չկա Ռուսաստանի ճնշիչ դոմինանտությունը, ընդամենը Ռուսաստանը պատրաստ է քննարկումների փուլով տանել իր գործընկերների առաջարկություները»,- ասաց նա, իսկ հարցին` ինչու երեք նախագահները միայն իրենց շահերից խոսեցին, բայց Հայաստանի շահի մասին ոչինչ չասվեց ասաց. « Շատ բնական եմ համարում, որ հիմական երկրները խոսում են դե յուրե ձևավորված եռյակի մասին, երբ Հայաստանի անդամակցության գործընթացը նույնպես կավարտի, բնականաբար, Հայաստանը և այլ երկրներ կխոսեն իրենց շահերի մասին»:
Նա նաև հավելեց` որքան Հայաստանին է անհրաժեշտ ԵՏՄ-ին անդամակցությունը, այնքան էլ ԵՏՄ-ին պետք է Հայաստանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան