Բնական է, որ Ղազախստանը պետք է հօգուտ Ադրբեջանի խոսեր. ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ
«Սա ոչ մի առնչություն չունի Արցախի հարցի հետ: Տնտեսական նախագիծ է և այդտեղ հնչած բոլոր հայտարարությունները սպասելի էին: Բնական է, որ Ղազախստանը պետք է հօգուտ Ադրբեջանի խոսեր»,- մեկնաբանելով մայիսի 29-ին Աստանայում Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի` Ադրբեջանի նախագահի նամակը ներկայացնելու ժամանակ արած հայտարարությունը karabakh-life.am-ին ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Աստանայում ներկայացրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը և դիմելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, հայտարարել էր. «Տհաճ թեմա կա: Հարց, որը կարելի էր լուծել հետագայում: Այն մեզ համար այնքան էլ հաճելի չէ: Բայց կիրառել այն, ինչ դուք (Հայաստանը) կիրառել եք ԱՀԿ մտնելիս, որպեսզի չգրգռենք մեր մեկ այլ ընկերոջն Ադրբեջանում: (Որ դա արվում է) ՄԱԿ-ում ամրագրված սահմանների շրջանակներում: Դուք այդպես մտաք ԱՀԿ, ԵՏՄ էլ պետք է մտնեք ՄԱԿ-ի ճանաչած սահմաններով՝ նման պայմանով»:
Ըստ աղբյուրի, Բաբայանը կարևորել է Նազարբաևի հայտարարությունը, որտեղ նա հիշեցրել է Առևտրային համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության մասին՝ առանց Արցախի:
«Նշանակում է՝ որևէ բան չի փոխվելու անդամակցության դեպքում, ինչպես չի փոխվել ԱՀԿ անդամակցելուց հետո, այսինքն, մաքսակետերի մասին խոսելն անտեղի է: Այդ ամենը որևէ կերպ չի ազդելու Արցախի վրա»,- համոզված է Դավիթ Բաբայանը:
Ինչ վերաբերում է Ղազախստանի նախագահի կողմից Ալիևի նամակից մեջբերմանը, Դ. Բաբայանը անհեթեթություն է համարել այն:
«Մյուս կողմից էլ, հնարավոր է դրանով փորձում են բալանսը պահել: Որովհետև չի բացառվում, որ առաջիկայում Ադրբեջանը ևս ցանկություն հայտնի տնտեսական միության անդամ դառնալու: Սակայն, այսքանով հանդերձ, պետք չէ այդ հարցերը կապել Արցախի հետ: Չեմ կարծում, որ որևէ կերպ, այդ ամենը կանդրադառնա Արցախի վրա: Համոզված եմ, որ չկա մեկը, ով Արցախի հաշվին փորձի ինչ որ խնդիրներ լուծել: Բացի դրանից, Հայաստանը դեռ ՄՄ պետք է անդամակցի, որից հետո, կարելի կլինի խոսել Եվրասիական տնտեսական միության մասին»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան