Բալոյանի նպատակը Վարդան Պետրոսյանին վարկաբեկելն է. Պաշտպանական կողմ
Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի նպատակը Վարդան Պետրոսյանին վարկաբեկելն է: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պետրոսյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը` մեկնաբանելով Panorama.am-ին տված հարցազրույցում հնչեցրած Բալոյանի մի քանի հայտարարություններ:
Նախ Բաղդասարյանն անդրադարձավ Բալոյանի հայտարարությանը, թե դերասանի վարած «BMW» մակնիշի մեքենան կողասահքի հետքեր չի թողել: Բալոյանը նույնիսկ այլ գործով լուսանկարներ էր ցուցադրել` նշելով, որ կողասահքի դեպքում մեքենայի անիվների թողած հետքերը ավելի լայն են լինում, հետևաբար Վարդան Պետրոսյանի մեքենան արգելակել է` թողնելով արգելակման հետքեր, որոնք ավելի նեղ են վթարի վայրից արված լուսանկարներում:
«Եթե պարոն Բալոյանը պնդում է, որ կողասահքի հետքերն ավելի լայն են, քան արգելակման հետքերը, ապա կխնդրեմ, որ գեթ մեկ գրականություն վկայակոչի, որտեղ ինքը նման բան է կարդացել: Իրականում կողասահքի հետքերը կարող են լինել և ավելի լայն, և հավասար լինեն անիվների հետքերին և դա կարող է պայմանավորված լինել ծածկույթով, անիվների տեսակով, անիվների մաշվածությամբ, դեպքի հանգամանքներով: Պարոն Բալոյանը դա իրենից է վերցրել, նման հիմնավորում հնարավոր չէ գտնել որևէ քրեական գործով», - արձագանքելով Բալոյանի հայտարարությանը, ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Փաստաբանի խոսքով, հնարավոր չէ այս գործի պարագայում որոշել` անիվները լայն են, թե հավասարազոր, քանի որ քննիչի կողմից կողասահքի հետքերի չափագրում չի իրականացվել:
Ինչ վերաբերում է Ռուբեն Բալոյանի մյուս հայտարարությանը, թե «BMW» և «Նիվա» մակնիշի մեքենաների բախման վայրը պաշտպանական կողմը մի քանի անգամ փոխել է: Ցույց տալով 3D-ի վրա մի փոքր շրջականաձև նշված հատված, Բալոյանն ասել էր. «Ըստ պաշտպանական կողմի, սա բախման վայրն է, որը նրանց ընտրած բախման վայրի վերջին տարբերակն է, մինչդեռ նույն 3D-ի վրա բախումն այլ տեղ է պատկերված»:
Պաշտպանական կողմը հերքում է այդ հայտարարությունը:
«Թող ցույց տա մի ելույթ կամ հրապարակում, որտեղ պաշտպանական կողմը նման հայտարարություն է արել և այդ հատվածը ներկայացրել որպես վթարի բախման վայր: Այդ շրջանակաձև նշված հատվածը բոլորովին այլ նշան է` դա քննիչի կողմից գծված նշան է, որտեղ ըստ ըստ քննիչի դեպքի վայրի արձանագրության, թափված է ապակին ու հեղուկը», -արձագանքեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Նրա խոսքով, իրականում քննիչը դեպքի վայրի սխեմայում սխալ տեղ է նշել հեղուկի ու ապակիների թափված տեղը` իրական տեղից 4 մ և մի փոքր ավելի հեռու նշելով:
«Դա քննիչի կողմից սխալ գծված տեղ է», -հավելեց փաստաբանը:
Նա անդրադարձավ նաև «Ուրվագիծ» հաղորդման վերաբերյալ Բալոյանի դիտարկումներին ու հայտարարեց, որ իր մասնակցությամբ հաղորդումն ուղիղ եթեր չի հեռարձակվել, քանի որ այն ժամանակ, երբ եթեր է գնացել հաղորդումը ինքը և Բալոյանը միասին են եղել:
Նախորդող հրապարակում`
Վարդան Պետրոսյանի մեքենան կողասահքի հետքեր չի թողել. Տուժող կողմի ներկայացուցիչ (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում