Արդարադատությունը պետք է լինի անկախ ու անկողմնակալ. ՍԴ բարեփոխումների հայեցակարգի տեսլականը
Սահամանդրական զարգացումները չպետք է դիտարկել որպես սիտուատիվ և զուտ քաղաքական երևույթ, դա հասարակական հարաբերությունների զարգացման դինամիկ երաշխավորը և խթանիչը պետք է լինի, այլ ոչ թե այդ հարաբերությունների կաշկանդող հանգամանք: Այդ մասին այսօր Փաստաբանների պալատում փաստաբանների հետ հանդիպման ընթացքում հայատրարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը` պալատի անդամներին ներկայացնելով հայեցակարգի նախագծի հիմնադրույթները:
Անդրադառնալով Հայաստանում մարդու իրավունքների ու դրա պաշտպանությանը, ինչին փաստաբաններն ամենից շատն են առնչվում, Հարությունյանն ասաց, որ մարդու իրավունքների ոլորտում միջազգային մոտեցումները զգալիորեն փոխվել են, և մեր հայաստանյան իրականությունը դրան համահունչ չէ:
«Սահմանադրական ճարտարապետության ամենաառանցքային խնդիրը գործառույթ-ինստիտուտ-լիազորություն ներդաշնակության երաշխավորումն է: Իշխանության իրականացումը պետք է խարսխված լինի գործառույթների ու լիազորությունների ներդաշնակումը երաշխավորելու վրա», -հայտարարեց Հարությունյանը:
Նրա ներկայացմամբ, հանրային իշխանության իրականացման հիմքում պետք է ընկած լինի օրինականության սկզբունքը, այլ հարց է, սակայն թե դա ինչպես է կիրառվում Հայաստանում:
«Պետք է երաշխավորվի կամայականության արգելքի սկզբունքը և հստակեցված լինեն հանրային իշխանության մարմինների հայեցողության սահմանները: Այս խնդիրը չի կարող լուծված լինել, եթե առաջադրված ու լուծված չլինի իշխանությունների իրավական պատասխանատվությն խնդիրը», -նախագծի դրույթները ներկայացրեց հանձնաժողովի նախագահը:
Նրա խոսքով, իրավունքների ցանկացած միջամտություն և իշխանությունների ցանկացած միջամտություն պետք է բխեն համաչափության սկզբունքից, իրավական վեճերը պետք է ունենան բացառապես իրավական ճանապարհով լուծման անհրաժեշտ կառուցակարգեր, արդարադատությունը պետք է լինի անկախ ու անկողմնակալ:
ՍԴ նախագահը հստակեցրեց. «Սրանք ոչ թե մեր հանձնաժողովի կողմից առաջ քաշվող թեզեր են, մեր ցանկություններն են, այլ սրանք համաեվրոպական արժեքներ են, պահանջներ են և նաև ամրագրված են միջազգային այն փաստաթղթերում, որոնք Հայաստանը ստորագրել է»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում