ՏՏ ոլորտում ներուժն ամբողջությամբ օգտագործելու դեպքում շարունակական աճ կապահովենք.Գարեգին Մելքոնյան
Հունիսի 20-21-ը Երևանում կայանալիք ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումին ակնկալվում է, որ այցելուների թիվը կհասնի 3000-ի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նա հավելեց, որ այս տարի ԴիջիԹեք Բիզնես ֆորումին կմասնակցեն տեղական, ռուսական և վրացական շուրջ 50 կազմակերպություններ:
Հիշեցնենք, որ այս տարի բիզնես ֆորումը կրում է «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» խորագիրը:
Նրա խոսքերով, երբ 2008թ-ին մեկնարկում էր ԴիջիԹեք բիզնես ֆորումը, տեղեկատվական տեխնոլոգիաները տարածված չէին, ուստի խնդիր դրվեց Հայաստանի ներուժը օգտագործել տեղական բիզնեսի արդյունավետության բարձացման համար. «Այդ նպատակով էլ իրականացվեց այս միջոցառումը և այդ ժամանակից սկսած Հայաստանի դիրքը 40-50 կետով բարելավվեց: Մենք հույս ունենք, որ առաջիկա տարիներին նույնքան կետով մեր դիրքերը կբարելավվենք»:
Անդրադառնալով վարչապետի` խոշոր գործարարներին հարկային դաշտ բերելու հայտարարությանը, նա նշեց, որ տեխնոլոգիաների կիրառման առումով էականորեն փոփոխություններ կլինեն, քանի որ մրցակցային դաշտ մտնելը նշանակում է կիրառել տեխնոլոգիների լուծումներ. «Հայաստանի տնտեսության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը ցածր էր, ինչը լուրջ խոչընդոտ էր: Հույս ունենք, որ այս ֆորումի շրջանակներում բիզնեսը կփորձի գտնել հետաքրքրիր լուծումներ»:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ Հայաստանում ՏՏ ոլորտը հայտարարված է որպես առաջնայնություն և Կառավարությունը մեծապես կարևորում է տեղական շուկայում ՏՏ արտադրանքի և ծառայությունների սպառման ծավալների աճը, տնտեսության տարբեր բնագավառներում ՏՏ նորարարական լուծումների կիրառման մակարդակի բարձրացումը. «Հայաստանի համար ՏՏ ոլորտը հեռանկարային է, և իզուր չէ, որ վերջին տարիների ոլորտում գրանցվում են լուրջ հաջողություններ: Կարծում եմ, որ այստեղ ունենք մեծ պոտենցիալ, որն ամբողջությամբ դեռ չի օգտագործվել, ուստի հետագայում այդ ներուժն ամբողջությամբ օգտագործելու դեպքում ոլորտում շարունակական աճ կապահովենք»:
Ասուլիսի ընթացքում «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ներկայացրեց այն նորարարական և տեխնոլոգիական լուծումները, որոնցով «ԱրմենՏել» ընկերությունը հանդես կգա ԴիջիԹեք Բիզնես ֆորումին։ Այս տարի «ԱրմենՏել» ընկերությունը ֆորումին կներկայացնի «BlackBerry Enterprise Service» Enterprise 10 (BES) ծառայությունը, կոմերցիոն զանգերի կենտրոնը, My Beeline Armenia բջջային հավելվածն, ինչպես նաև հանդես կգա մի շարք կոնվերգենտ լուծումներով բիզնես ընկերությունների համար։
«Որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր՝ «ԱրմենՏել» ընկերությունը շարունակաբար աջակցում է այն միջոցառումներին, որոնք նպաստում եմ հեռահաղորդակցության ոլորտի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացմանը։ ԴիջիԹեք բիզնես ֆորումը հատուկ տեղ է զբաղեցնում այս գործընթացում։ Հավատացած եմ, որ «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ կայանալիք ֆորումին ներկայացված գաղափարները ոչ միայն կխթանեն ոլորտի զարգացումն, այլ նաև հիմք կհանդիսանան հետագա համագործակցության համար»,- նշեց Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ 7-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի հովանավորներն են նաև Կոնվերս բանկը և համակարգերի ինտեգրմամբ զբաղվող «ARinteg» ռուսական ընկերությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները