«Ժամանակավրեպ են հայտարարությունները, որ պետք է տղաներ ուղարկենք Սիրիա»
«Սիրիայում տեղի է ունենում բազմաբևեռ պատերազմ: Այն բնորոշումը, թե Սիրիայում տեղի է ունենում քաղաքացիական պատերազմ, ադեկվատ չէ իրավիճակին, որը տեղի է ունենում այդ երկրում»,- «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Սիրիա. Ահաբեկչություն, հայություն, ընտրություն» խորագրով խորհրդաժողովի ժամանակ ասաց «Նորավանք» ԳԿՀ տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նրա խոսքով, Սիրիայում ընթանում է պատերազմ, որին խառնված են մեծ պետությունները՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ, որոնցից առավել ակտիվ իրեն պահում է Թուրքիան:
Գ. Հարությունյանը նշեց, որ այդ պատերազմի արդյունքում ծայրահեղ ծանր վիճակում է հայտնվել նաև Սիրիայի հայկական համայնքը:
«Ժամանակավրեպ են այն հայտարարություները, որ պետք է տղաներ ուղարկենք Սիրիա, որ պաշտպանեն հայերին: Դա մեր պատերազմը չէ, բայց պարտավոր ենք ստեղծել պայմաններ, որ մեր հայրենակիցիները վերադառնան հայրենիք: Պետք է հատուկ ծրագրեր իրականացնենք: Այդ ծրագրերը կարող են լինել նաև մեր ժողովրդագրական ոչ այնքան բարվոք վիճակի լուծման ճանապարհ»,-ասաց փորձագետը: