Ուկրաինական դեպքերի հետևանքով մասնագետները կանխատեսում են ցորենի գնի աճ
Ուկրաինայում տիրող իրավիճակի հետևանքով համաշխարհային շուկաներում ցորենի գինը նշանակալիորեն կարող է թանկանալ:«Ինտերֆաքս» (Интерфакс) գործակալության փոխանցմամբ` այսպիսի կարծիք է հայտնել ռուսական «ՊռոԶեռնո» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Պետրիչենկոն:
«Ենթադրում եմ, որ համաշխարհային գները, որոնք վերջին ժամանակներում ստագնացիայի են ենթարկվել, կշարունակեին կայուն մնալ, եթե չլինեին Ուկրաինայի դեպքերը», - հայտարարել է նա այսօր Մոսկվայում կայացած «Ռուսաստանի Ագրոհոլդինգ» XIII կոնֆերանսի ընթացքում:
Նրա գնահատականներով` նոր գյուղատնտեսական տարում (2014թ-ի հուլիսից մինչև 2015թ-ի հունիս) ցորենի համաշխարհային գները ավելի բարձր կլինեն 4,5-5%-ով,իսկ եգիպտացորենի գները` 5-9%-ով:
Պետրիչենկոն բացատրել է, որ ղրիմական բերքը «արդեն թե դե-յուրե և թե դե-ֆակտո» ռուսական է:
«Լուգանսկի և Դոնեցկի բերքը դե-յուրե Ուկրաինական է, սակայն իրականում հայտնի չէ թե ումն է: Այդ պատճառով եթե այդ բերքը համաշխարհային շուկաներում ներկայացվի որպես նոր երկրների բերք, ապա այն կհայտնվի պատժամիջոցների տակ, իսկ որպես ուկրաինական բերք` այն, ավելի շուտ, չի առաջարկվի: Այստեղ բարդ խնդիրներ կան, որոնք սահմանափակում են Ուկրաինայի արտահանման պոտենցյալը, բացի դրանից` այս տարի ուկրաինական բերքն ավելի քիչ կլինի»,- հայտարարել է մասնագետը:
Պետրիչենկոն կանխատեսել է, որ ՌԴ արտահանման պոտենցյալը նոր գյուղատնտեսական տարում կկազմի 30 մլն տոննա հացահատիկ: Ընթացիկ տարվա կանխատեսումները կազմում են 26 մլն տոննա:
ՀՀ ԱՎԾ տվյալներով 2013թ-ին Հայաստանում հավաքվել է ընդհանուր առմամբ ավելի քան 311 հազար տոննա ցորեն: Նույն թվականին ներմուծված ցորենի ծավալը կազմել է 345,5 հազար տոննա: