Վազգեն Մեսրոպյան. Պետք է կանխել սիրիահայերի արտագաղթը Հայաստանից
Սիրիայում վերջին տարիների ընթացքում տեղի ունեցող դեպքերի պատճառով Հայաստան է եկել 8-10 հազար սիրիահայ, որից կեսը, սակայն, Հայաստանից հեռացել են այլ երկիր: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Սիրիա. Ահաբեկչություն, հայություն, ընտրություն» խորագրով խորհրդաժողովի ժամանակ ասաց ՍԴՀԿ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը:
«Հայաստանից հեռանալու պատճառներից մեկն այն է, որ մարդիկ գործ չունեն, չեն կարողանում աշխատել, ստիպված հեռանում են: Սա էլ համարենք արտագաղթ»,- նշեց նա՝ հավելելով, որ դա ցավալի երևույթ է, քանի որ Հայաստանը նրանց հայրենիքն է ու այստեղ գալուց հետո նրանց չպետք է հեռանան:
«Պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի նրանք մնան Հայաստանում, ու ինչպես զարգացրեցին Սիրիան, այստեղ էլ նույնն անեն: Պետք է կանխել նրանց արտագաղթը Հայաստանից: Դա մեր բոլորի պարտքն է»,-ասաց Վ. Մեսրոպյանը:
Նրա խոսքով, Սիրիայում բնակվող հայերը տասնյակ տարիներ շարունակ մեծ առավելություններ ունեին, կային հայկական եկեղեցիներ, դպրոցներ, մշակութային օջախներ: Վ. Մեսրոպյանը նշեց, որ այսօր էլ Սիրիայում շարունակում է բնակվել 30-35 հազար հայ:
Նա ասաց, որ իր ունեցած տվյալներով, վերջին օրերին Հալեպում վիճակը անկայուն է, ռմբակոծությունները շարունակվում են, ռմբակոծություններն ուղղված են դեպի հայկական, քրիստոնեական թաղամասեր: