Գ.Մելիքյան. Եթե Ադրբեջանում ոմանց համար իրենց ղեկավարի ճառերը վագրի մռնչյուն են, ապա մեր ականջի համար՝ կատվի մլավոց
«Իրականում, ինչպես ամեն մի սիրամարգի բազմագույն փետուրների տակ թաքնված է հավի հասարակ մի հետույք, այնպես էլ յուրաքանչյուր «բեղավոր վագրի» ներսում մի կատու է: Եթե Ադրբեջանում ոմանց համար իրենց ղեկավարի ճառերը վագրի մռնչյունն են, ապա մեր ականջի համար՝ կատվի մլավոց»,- Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Աստանայի իրադարձություններն ու Իլհամ Ալիևի արձագանքը, նշեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Նրա խոսքով, գնալով խորանում է Բաքվի անճարությունը ներքին և արտաքին խնդիրներին ադեկվատ լուծում տալու հարցում ու հատկապես նրանից, որ Բաքուն չհասցրեց որևէ հստակ դիրք գրավել տարածաշրջանում և դրանից դուրս ընթացող զարգացումներում, ինչի հետևանքով ակնհայտորեն հայտնվել է դաշինքներից դուրս լուսանցքերում:
«Տարեց-տարի դժվարանում է խանական համակարգը զոռբայությամբ պահելը և ևս 10 տարի դիմանալը՝ մինչև ռեպրեսիոն տրցակը կփոխանցվի Ալիև III-ին»,- նշեց նա։
Այդ հուսալքությունը, ըստ պատգամավորի, ականատեսն են դարձնում հետևյալ իրադարձությունների. Նախ, պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվեցին ալիևյան ռեժիմի այլանդակությունները ջրի երես հանող վերջին մոհիկանները՝ ի դեմս իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսների, ինչպես նաև ձերբակալվեց Բաքվի վերջին անկախ խոսափողներից մեկը՝ լրագրող, վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը.
«ԵԽ-ում նախագահությունը ստանձնելու օրերին Ադրբեջանը հանդգնեց մերժել այդ կառույցի երկրորդ դեմքի այցելությունն իր երկիր։ Արդյունքում, արժանի ապտակ ստացավ այդ հեղինակավոր միջազգային կառույցից` երկու տարով զրկվելով Բաքվում ԵԽ որևէ նիստ անցկացնելու իրավունքից»,- հիշեցրեց նաև Գ.Մելիքյանը։
Հայաստանին բոլոր հնարավոր ծրագրերից դուրս թողնող Ալիևն այսօր ինքն է դուրս մնացել երկու կարևորագույն միավորումների` Եվրոպական և Եվրասիական միությունների շրջանակներից: Վերջին զարգացումների հետ կապված, ՀՀԿ խմբակցության քարտուղարը նշեց, էներգետիկ խնդիրների առաջ կանգնած Եվրոպայում արդեն հասկանում են, որ Նաբուկոյով, ԱԳՐԻ-ով և այլ ծրագրերով շարունակ խոստումներ շռայլած Ալիևը ոչնչի ընդունակ չէ և միակ նպատակն է ժամանակ շահել խանի աթոռում:
«Իսկ Ռուսաստանի պատասխան քայլերը դեռ առջևում են»,- վստահություն հայտնեց նա:
Անճարությունից է, շարունակեց նա, որ սեփական ժողովրդին 11 տարի շարունակ «Շուշիում թեյ խմելու» կեղծ խոստումներով սնած ղեկավարն այսօր հուսահատված դիմում է միջազգային կառույցներին՝ Արցախի մոտ Սարսանգի ջրամբարից ջուր ստանալու համար միջնորդելու խնդրանքով:
«Թե ինչ «սպեղանի» է գտել Ադրբեջանի ղեկավարությունը սեփական հուսալքության դեմ, առավել քան տեսանելի է: Սեփական ժողովրդի մոլորեցում` հոխորտանքի, ռամատենչ հայտարարությունների, այլատյացության տարածման միջոցով: Սա մի ճանապարհ է, որ խորացնում է անճարությունը՝ չարացնում, հասցնում գազազության, այնուհետ սրվելով՝ դրսևորում ոչ ադեկվատ վարքագիծ, չհաշվարկված գործողություններ, սխալներ։ Արցախի կուռ, համառ ու համբերատար ժողովրդին դրանից լավ նվեր հնարավոր չէ մատուցել։ Այնպես որ հանգստություն, լուռ ու անխոնջ աշխատանք մաղթենք արցախցուն, մինչև իր հաջորդ աստղային ժամը»,- հավելեց Panorama.am-ի զրուցակիցը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան