Մեկնարկել է ՀՀԿ 15-րդ համագումարի երիտասարդական հավաքը
Ծաղկաձորում մեկնարկել է ՀՀԿ 15-րդ համագումարի երիտասարդական հավաքը։ Եռօրյա հավաքը հաշվետու հանդիպում է, որի ընթացքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) տարբեր կառույցների ղեկավարներ հանդես են գալու զեկույցներով, ներկայացնելու են իրենց կառույցների աշխատանքները, նախանշելու են առաջիկա անելիքները։
Հավաքի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը։ Այս մասին հաղորդում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մամուլի ծառայությունը:
ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը նշել է, որ ՀՀԿ յուրաքանչյուր հերթական համագումարից հետո ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հրավիրում է հավաք, որի ընթացքում քննարկվում են այն ուղերձները, որոնք հնչել են համագումարում։ Նա տեղեկացրել է, որ վերջին տարիներին փոփոխություններ են կատարվել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության տարածքային և շրջանային կառույցների ղեկավար կազմերում, և այսօր նրանց հետ աշխատելու անհրաժեշտություն կա։
Ողջունելով հավաքը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ ՀՀԿ կազմում կան երիտասարդներ, ովքեր այսօր բավականին լուրջ դերակատարում ունեն մեր երկրի քաղաքական կյանքում, օրենսդիր ու գործադիր մարմիններում։
«Երիտասարդները պետք է կարողանան ոչ միայն գաղափարակիր դառնալ, այլև գաղափարներով ուղղորդել մի ամբողջ ժողովրդի։ Խորհուրդ կտայի նեղ կուսակցական մտայնությամբ չառաջնորդվել։ Ցանկացած կուսակցություն ունի երիտասարդական կազմակերպություն, և շատ լավ կլինի, որպեսզի ձեր փոխհարաբերությունները մյուս կուսակցությունների երիտասարդների հետ անհրաժեշտ բարձունքի վրա լինեն։ Մենք պետք է շարժվենք ազգի շահերով, քաղաքական ուժերն ընդամենը պետք է միջոց լինեն նպատակների համար, իսկ մեր նպատակները բավականին լուրջ են։ Մենք պայքարում ենք ազգի և պետության հավերժության համար՝ կուսակցությունը որպես միջոց ծառայեցնելով դրան։ Դուք պետք է կարողանաք ակտիվությամբ ձեր ճանապարհը հարթել։ Մեզ անհրաժեշտ են երիտասարդներ, ովքեր կկարողանան ուղղորդել հասարակությանը և իրենց արժանապատիվ դերակատարումն ունենալ ազգային խնդիրներում»,- նշել է ԱԺ նախագահը։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է երիտասարդների միասնականությունը քաղաքական կյանքում։ Նա նշել է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը երիտասարդներին տվել է հնարավորություններ՝ սեփական ունակություններն ու կարողությունները դրսևորելու համար։ Սակայն երիտասարդներից շատ բան է կախված։ Նա կոչ է արել ակտիվ համագործակցություն իրականացնել տարածքային, մարզային կազմակերպությունների միջև։ Երևանի քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի փորձը փոխանցել մարզային կառույցներին։
Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը նշել է, որ կուսակցական հանդիպումների նման հարթակները հնարավորություն են ամենատարբեր ձևաչափով քննարկումներ կազմակերպելու և ՀՀԿ գաղափարախոսության շրջանակներում ռազմավարություն մշակելու։ Ըստ մարզպետի՝ երիտասարդների ներուժն անսահման մեծ է, և պետք է կարողանալ այդ ներուժը կիրառել։
Հանդիպման ընթացքում խորհրդարանի ղեկավարը պատասխանել է երիտասարդ հանրապետականների հարցերին, որոնք առնչվում էին սահմանադրական բարեփոխումներին, կուսակցական աշխատանքում երիտասարդների դերին, Երիտասարդական խորհրդարանի աշխատանքներին և այլն։
Անդրադառնալով երեկ Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահի հայտարարության մասին հարցին՝ ԱԺ նախագահը նկատել է, որ պետք է տարբերակել որոշակի նպատակներով արված դիվանագիտական, հրապարակային հայտարարությունները բուն բանակցություններից: Ըստ Գալուստ Սահակյանի՝ Նազարբաևն իր խոսքերով փորձում էր նպատակաուղղված վերաբերմունք դրսևորել իր ադրբեջանցի գործընկերոջ հանդեպ։ Խորհրդարանի խոսնակը շեշտել է նաև, որ Լեռնային Ղարաբաղը մեզ համար ամենակարևոր հարցն է։ Ըստ նրա՝ ԼՂՀ-ն Հայաստանի հետ մեկ մաքսային և տնտեսական տարածքում է, և Եվրասիական տնտեսական միության օրակարգում սահմանների հարց ընդհանրապես չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան