Քթից արյունը կանգ չի առնում. Գերությունից վերադարձած Ա. Խոջոյանի վիճակը լավ չէ
Ադրբեջանում մեկամսյա գերությունից հետո Հայաստան վերադարձած Արսեն Խոջոյանի քթից արնահոսությունը կանգ չի առնում, իսկ ոտքերն էլ ահավոր ուռում են, ցավում: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց նրա ազգականը` Վերին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ Հեղինե Խոջոյանը, ով հիշեցնենք` գերությունից վերադարձած ու բոլորովին վերջերս մահացած Մամիկոն Խոջոյանի դուստրն է:
«Իրանց տուն էի գնացել, ըրեխեն իրան ծանր էր զգում, ցավեր ունի շատ: Մաման ասում ա, թե քթի արինը չի կտրվում, ոտները ցավում ա», -փոխանցեց տիկին Հեղինեն:
Նրա խոսքով, Խոջոյանների բազմանդամ ընտանիքը սոցիալապես ծանր վիճակում է ապրում, վարկեր էլ ունեն, չեն կարողանում վճարել:
Երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարարը հայտարարել էր, որ իրենք կօգնեն Արսեն Խոջոյանին անվճար բուժվել, ուղղակի պետք է Խոջոյաններն իրենք դիմեն նախարարություն: Այս կապակցությամբ տիկին Հեղինեն ասաց, որ Արսեն Խոջոյանի ծնողները շատ կուզեն, որ դիմեն բժշկի ու անվճար բուժում ստանան:
«Մերն ասում ա, որ ուզում են ըրեխեն բուժվի, բայց ոնց` չգիտեն», ասաց տիկին Հեղինեն:
Արսեն Խոջոյանը, նրա խոսքով, ինքնամփոփ է դարձել ու չի արտահայտվում, թե ինչ է կատարվել իր հետ Ադրբեջանում:
«Երբ Մամիկոն պապիի դագաղը դրված էր, Արսենն էկավ, որ հրաժեշտ տա, մոտիկացավ պապայի դագաղին ու ասեց` Մամիկոն պապի քեզանից հետո հերթն իմնա: Ասեցի Արսեն ջան, ոնց ես սենց բաներ ասում, ոնց թե հերթն իմն ա, չասեց ոչ մի բան, թողեց գնաց»,- պատմեց մեր զրուցակիցը:
Հարազատներն այս խոսքից հետո հասկացել են, որ նրա հետ շատ դաժան են վարվել Ադրբեջանում:
Նկատենք, որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նաև հայտարարել էր, որ Արսեն Խոջոյանը գտնվում է բժիշկների մշտական ուշադրության կենտրոնում:
Հարազատները ինչպես Մամիկոն Խոջոյանի, այնպես էլ Արսեն Խոջոյանի պարագայում կասկածներ ունեն, որ երիտասարդին դիզելային վառելիք են ներարկել, ինչի հետևանքով Արսենն իրեն օր օրի վատ է զգում:
Հարակից հրապարակում`
Գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանը գտնվում է առողջապահության նախարարի վերահսկողության տակ