Հանրապետության բոլոր գազալցակայաններում տեղադրված են բաշխիչ աշտարակներ.Պաշտոնյա
Հանրապետության բոլոր գազալցակայաններում` ԱԳԼՃԿ-ում, տեղադրված են բաշխիչ աշտարակներ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը:
Նրա խոսքերով, նման արդյունքի կարողացել են հասնել մեծ ջանքերի շնորհիվ:
Լ.Խալիկյանը նշեց, որ օրենքի կիրառումը վերսկսվեց միայն 2011 թ.: Տեսչության կողմից բոլոր գազալցակայաններում իրականացվեցին ստուգումներ և բաշխիչ աշտարակներ չտեղադրված բոլոր տնտեսավարող սուբյեկտների շրջանում նշանակվեցին վարչական տուգանքներ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: ԱԳԼՃԿ-ներին թույլատրվեց աշխատել միայն բաշխիչ աշտարակ տեղադրելուց հետո:
Տեսչության պետի փոխանցմամբ` Հայաստանում գործում է 303 կազմակերպություն, որոնք զբաղվում են գազալցակայանի բիզնեսով: Ըստ Լ.Խալիկյանի` նախքան ստուգումը հանրապետության ընդամենը 5 գազալցակայանում է տեղադրված եղել բաշխիչ աշտարակ, իսկ 2013թ-ի դրությամբ գրանցված 303 կազմակերպություններում արդեն իսկ տեղադրվել են բաշխիչ աշտարակներ:
Նա միաժամանակ նշեց, որ վերջերս տեսչությունը Տավուշի մարզից բողոք է ստացել` կապված ԱԳԼՃԿ-ների գործունեության հետ: Քաղաքացին հայտնել էր, թե գազալցակայաններից մեկն աշխատում է առանց բաշխիչ աշտարակի, սակայն տեսչությունն արագ արձագանքել է, այսօր այն գործում է օրենքի պահանջին համապատասխան:
Ի դեպ, այն ԱԳԼՃԿ-ն, որը չուներ տեղադրված բաշխիչ աշտարակ, գազը լիցքավորելիս, սովորաբար սպառողից գանձում էր հավելյալ թեյավճար և առավել մեծ ճնշումով լիցքավորում մեքենան։ Մինչդեռ, ըստ Լ.Խալիկյանի, բաշխիչ աշտարակի առկայության պարագայում թեյավճարը բացառվում է, քանի որ բաշխիչ աշտարակը թույլ չի տալիս առավելագույն ճնշումից ավելի գազ լիցքավորվել։
Նշենք, որ համակարգը նախատեսված է ԱԳԼՃԿ-ում ավտոմեքենաների բարձր ճնշման բալոնների լիցքավորման գործընթացը ավտոմատացնելու համար, ինչի արդյունքում այն ապահովում է նաև լիցքավորման առանձին փուլերի բաղդատումը, չափումն ու վերահսկումը՝ միաժամանակ նվազեցնելով մարդկային գործոնի միջամտությունը:
«Իսկ երբ բացակայում է բաշխիչ աշտարակը, ապա լիցքավորում են ավելի մեծ ճնշումով, ինչն էլ կարող է գազի բալոնի պայթյունի պատճառ դառնալ»,- ընդգծեց Լ.Խալիկյանը:
Դեռևս 2008թ. ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել բոլոր ԱԳԼՃԿ-ներում պարտադիր բաշխիչ աշտարակների տեղադրման ուղղությամբ։ Այն ենթադրում էր, որ հանրապետության տարածքի բոլոր գազալիցքավորման սպասարկման ոլորտում գործող կազմակերպությունները պետք է որոշակի ժամանակահատվածում պարտադիր տեղադրած լինեին բաշխիչ աշտարակներ՝ ապահովելով գազալիցքավորման նորմերի անվտանգության և տեխնիկական բոլոր պահանջները։ Սակայն օրենքի կիրառումը հետաձգվեց ֆինանսական ճգնաժամի պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում