Բազարչյան. Հայաստանում ծխելու հետևանքով տարեկան մահանում է 3-4 հազար մարդ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները մայիսի 31-ին նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: ԱՀԿ-ն այս օրը նշում է 1988 թվականից, իսկ Հայաստանը` 2000-ից:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, մեր երկրում ծխախոտի դեմ պայքարն ամեն տարի նոր թափ է ստանում:
Ըստ նրա` ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական և տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում: Ծխախոտի օգտագործումը մահվան ամենամեծ կանխարգելելի պատճառն է: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկների` աշխարում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում:
Ուստի, Ս.Խաչատրյանի խոսքերով, ծխելու դեմ պայքարի գործում նախարարության, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքը միտված է առաջին հերթին նոր մշակույթ ձևավորելուն:
Միջոցառման ընթացքում լրագրողների ուշադրությանը ներկայացվեց հեռուստալրագրող Դավիթ Պետրոսյանի հեղինակած, ՀՀ նախագահի կողմից Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրված դրամաշնորհային ծրագրի շրջանակում նկարահանված հատուկ ֆիլմ, որում անվանի հասարակական-մշակութային գործիչները` Արթուր Իսպիրյանը, Եգոր Գլումովը և իրենց ընտանիքի անդամները խոսում էին առողջ ապրելակերպի մասին` կոչ անելով հանրությանը խուսափել ծխելուց և դրա բացասական հետևանքներից:
ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Բազարչյանը ներկայացնելով վիճակագրական տվյալները` նշեց, որ համաձայն վիճակագրության մեր երկրում տարեկան 3-4 հազար մարդ մահանում է սիրտանոթային հիվանդություններից, որոնց առաջացման գործում մեծ դեր ունի նաև ծխախոտի օգտագործումը:
«1999 թ-ից սկսած Հայաստանում իրականացվում են մի շարք հետազոտություններ, որոնք միտված են պարզել ծխախոտի տարածվածության մակարդակը»,- ասաց նա:
Բազարչյանը տեղեկացրեց, որ համաձայն վիճակագրական տվյալների` կանանց շրջանում ծխախոտի տարածվածությունն առավել շատ է մայրաքաղաքում, քան մարզերում կամ գյուղական համայնքներում:
Ըստ առողջապահության նախարարության` Հայաստանում ծխախոտի օգտագործման տարածվածության միտումը հարաբերական կայուն է, սակայն բարձր է հատկապես տղամարդկանց շրջանում: Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մեծահասակ բնակչության համարյա մեկ երրորդը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, օգտագործողների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են:
Վերջերս իրականացված հարցման համաձայն` 15-տարեկանից և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը կազմել է 24%` տղամարդկանց շրջանում 50%, կանանց 2.3%: Նշվածը վկայում է, որ վերջին տասը տարվա ընթացքում տղամարդկանց շրջանում առկա է ծխախոտի օգտագործման նվազման միտում (համաձայն 2004թ. հետազոտությունների` ծխախոտ օգտագործում էին հարցման ենթարկված բնակչության 29%, այդ թվում` տղամարդկանց` 60,5% և կանանց` 2,2%:): Տղամարդկանց շրջանում ծխախոտամոլության այս պատկերը երկրում պայմանավորում է այն հիվանդությունների բարձր ցուցանիշը, որոնց համար ծխախոտը ռիսկի գործոն է: Կանանց մոտ ցուցանիշները նախընտրելի են. այստեղ առկա է ծխելու տարածվածության ցուցանիշների զգալի տարբերությունը Երևան քաղաքի և այլ մարզերում հատկապես գյուղական համայքներում բնակվող կանաց շրջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները