Զեկույց. Ադրբեջանում հազարավոր երեխաներ թերի են սնվում
Ադրբեջանում, չնայած հսկայական բնական ռեսուրսների առկայության, երեխաների` հատկապես աղքատ ընտանիքներում ծնված նորածինների մահացելիության բարձր ցուցանիշը լուրջ խնդիր է հանդիսանում: Այս երեխաների շրջանում յուրաքանչյուր 5 երեխայից 2-ը տառապում են անեմիայով: Այս մասին, ըստ «Հաքքին.ազ» ադրբեջանական լրատվական գործակալության, նշված է Ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտոտի զեկույցում, որը նվիրված է Ադրբեջանում երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրներին, նրանց հիվանդացության և մահացելիության ցուցանիշներին: Զեկույցը հրապարակվել է հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Ըստ զեկույցի տվյալների՝ երեխաների սնվելու հետ կապված Ադրբեջանում լուրջ խնդիրներ են նկատվում, ինչի հետևանքն այն է, որ երեխաների ընդհանուր թվի մեկ չորորդը տառապում է սակավարյունությամբ` անեմիայով: Դա ազդում է նաև երեխաների մտավոր զարգացման վրա: Յուրաքանչյուր 4 երեխայից մեկը Ադրբեջանում կարճահասակ է:
«Մոտ 10 000 երեխա բնակվում է մանկատներում, չնայած որ նրանց մեծ մասը ունի 1 կամ նույնիսկ 2 ծնող»,- նշված է զեկույցում:
Համաձայն զեկույցի՝ Ադրբեջանում մինչև 50 տարեկան կանանց մեծ մասը ամուսնացել է շատ երիտասարդ տարիքում, որոշ դեպքերում 13-14 տարեկանում, ինչն էլ մեծ վտանգ է ներկայացնում նրանց ապագա երեխաների առողջության համար:
Յուրաքանչյուր 5 երեխաներից 4-ը բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին ցածր միավոր է ստանում, իսկ հաշմանդամ երեխաների միայն մեկ քառորդն է կրթություն ստանում, ինչը վկայում է Ադրբեջանում ցածր կրթական մակարդակի մասին, նշված է զեկույցում:
Ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիրտուտը նշում է, որ ամեն տարի Ադրբեջանում օնկոլոգիական հիվանդություններով հիվանդանում են մոտ 300 երեխա, որոնց 20%-ը չի առողջանում:
Զեկույցում նաև նշված է, որ Ադրբեջանում չի անցկացվում ինքնասպանության դիմած երեխաների վիճակագրություն: Սակայն հայտնի է, որ 2004 թ. Ադրբեջանում ինքնասպան է եղել 35 երեխա:
Նշենք, որ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալների, 2014 թ. հունվարից Ադրբեջանում ինքնասպան է եղել 122 մարդ: Ինչպես նաև գրանցվել է մինչև 18 տարեկան երեխաների ինքնասպանության 16 դեպք, 2013 թ. մինչև 18 տարեկան երեխաների ինքնասպանության 26 դեպք էր գրանցվել, իսկ 2012 թվականին՝ 38 դեպք: