Իրանում տեղի է ունեցել Սիրիայի բարեկամների համաժողովը. Ընդունվել է համատեղ հայտարարություն
«Իրանում տեղի է ունեցել Սիրիայի բարեկամների համաժողովը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Թեհրանում կայացած Սիրիայի բարեկամ երկրների խորհրդարանների արտաքին քաղաքականության հանձնաժողովների նախագահների երկրորդ նիստի ավարտին հրապարակվել է 12 կետից բաղկացած հայտարարություն, որտեղ դատապարտվել է Սիրիայում որոշ երկրների կողմից հովանավորվող ահաբեկչության տարածումը:
Նիստի մասնակիցները, ցավ հայտնելով Սիրիայում շարունակվող բռնությունների ու բախումների կապակցությամբ, ընդգծել են, որ իրենց բոլոր ջանքերը կգործադրեն, որպեսզի Սիրիայի ժողովրդի ցավն ու տառապանքը մեղմվի և նրանց հիմնական իրավունքները վերականգնվեն:
Հարգելով Սիրիայի ազգային ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը՝ նիստի մասնակիցները կարևորել են այդ երկրի սահմանադրության համաձայն՝ սիրիացիների իրավունքները հարգելու անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին Սիրիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Ռաուֆ Շեյբանին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Սիրիայում կայանալիք նախագահական ընտրություններին, նշել է, որ ընտրությունների անցկացումը Արևմուտքի՝ Սիրիայում ճգնաժամը կառավարելու խաղը կխափանի:
Դեսպան Շեյբանին, ընդգծելով անցած երեք տարիների ընթացքում Իրանի՝ Սիրիայի ժողովրդին ցուցաբերած մարդասիրական օգնությունը, նշել է, որ Իրանի նոր իշխանություններն առավել քան երբևէ կանգնած են Սիրիայի ժողովրդի կողքին:
Նշենք, որ Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 3-ին: Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ-Ասադը ևս առաջադրել է իր թեկնածությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում