Քոքոբելյանը Եվրասիականի մասին. Ինչո՞վ ենք մենք զբաղված այդտեղ
«Անկախ ամեն ինչից Նազարբաևի վերաբերմունքը, նրա կողմից նամակի ընթերցումը ես համարում եմ վիրավորական Հայաստանի համար և վիրավորական եմ համարում հիմնադիր անդամ երկրների` ՌԴ և Բելառուսի վերաբերմունքը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Ըստ նրա, վիրավորականը հատկապես այն է, որ փաստացի գործ ունենք մի երևույթի հետ, երբ երրորդ կողմը, որը որևէ կապ չունի այդ հիմնադրվող տնտեսական միության հետ, այդուհանդերձ կարողանում է ուղղակիորեն իր ազդեցությունն ունենալ կամ փորձել իր ազդեցությունն ունենալ:
Պատգամավորը, ով երբեք չի թաքցրել, որ դեմ է Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը նշեց, որ շատ կարևոր է ընկալել մի փաստ. բոլոր այն հիմնավորումները, որ բերում էին օպոնենտները և այդ թվում իշխանությունները, թե ԵՏՄ-ին ու ՄՄ-ին անդամակցելը լուծում է անվտանգության խնդիր Աստանայում Նազարբաևն ուղղակի ի չիք դարձրեց. «Ինձ համար տարօրինակ չէ, բայց հետաքրքիր է այս ամենն այն առումով, որ մեր իշխանությունները ջանք չեն խնայում ներկայացնել ու երբեմն նաև պնդում են, որ Նազարբաևը ադրբեջանական շահն է ներկայացնում: Այսինքն` փաստացի այդտեղ ամենամեծ ազդեցություն ունեցող երկիրը, Ռուսաստանից հետո գոնե, մեր շահը չի սպասարկում և այդ գնահատականը իմը չէ, այլ իշխանություններինն է: Եվ այդ դեպքում հարց` ինչո՞վ ենք մենք զբաղված այդտեղ»:
Պատգամավորը նաև ավելացրեց, որ դա է ամենամեծ խնդիրը, որ բոլորս շրջանցում ենք ու հատկապես նրանք, ովքեր տնտեսական հիմնավորումներ են բերում.«Ղազախստանի շահն այն է, որ իր նավթամթերքը ռուսական խողովակներով է արտահանում և առանց այդ միության նա մեծ խնդիր կունենա: Բելառուսի շահագրգիռ մասը հասկանալի է: Եթե Հայաստանինը միայն քաղաքական է, ապա այդ դեպքում թերևս հասկանալի չէ, թե մենք ինչի ենք ջանք չխնայելով ամեն կերպ փորձում ինտեգրվել մի գործընթացի, որն իմ խորին համոզմամբ Հայաստանին որևէ լուրջ բան չի տա»:
Հավելեց նաև, ինքն այն կարծիքին է, որ ՀՀ նախագահը, ով ներկայացնում էր Աստանայում բոլորին, պարտավոր էր տեղում պատասխանել այդ կնճռոտ հարցին և բոլորի համար հստակ լիներ, որ դա ոչ Ադրբեջանի, ոչ էլ բարձրացված հարցի հետ կապ չունեցող խնդիր էր:
Հարցին, թե ինչպես է մեկնաբանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շաբաթ օրը արած հայտարարությունը, Խ.Քոքոբելյանը նշեց, թե ի տարբերություն շատ շատերի այն կարծիքին չէ, որ Ղարաբաղը վտանգում ենք: Բայց այն կարծիքին է, որ Հայաստանն ընդհանրապես վտանգում է արտաքին քաղաքականությունը և դրա արդյունքում նաև Ղարաբաղի հետ կապված գործընթացը.
«Դա ինքնամեկուսացման, ընդամենը այդ երեք պետությունների սեփական յուղով տապակվելու գործընթաց է և ոչ ավելի, և որը կարող է խոչընդոտ հանդիսանալ այլ կարևորագույն ինտեգրացիոն գործընթացներին, որոնք կարողին նպաստել Ղարաբաղի խնդրի լուծմանը: Չի կարելի աշխարհին նայել մեր նեղ պատուհանից և միայն դեպի հյուսիս. աշխարհը շատ լայն է, այսօր աշխարհում տեղի ունեցող և' քաղաքական, և' տնտեսական գործընթացները այդ ստեղծվող տնտեսական գործընթացից դուրս են»:
Հարակից հրապարակումներ`
Սերժ Սարգսյան. Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ
Գագիկ Մինասյան. ՀՀ-ն և ԼՂՀ-ն մեկ միասնական տնտեսական տարածք են
Նազարբաևը միշտ ստանձնում է Ադրբեջանի հովանավորի դերը. Տաճատ Սարգսյան (տեսանյութ)
ՀՀ-ն և Արցախը գտնվում են մեկ միասնական տնտեսական տարածքում. Շարմազանով
Բնական է, որ Ղազախստանը պետք է հօգուտ Ադրբեջանի խոսեր. ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ
Հայաստանը չի կարող լինել Ղարաբաղից առանձին. Ն.Զոհրաբյան