ՊՆ. Ականազերծման ծրագրերին միջազգային աջակցությունը կշարունակվի (Լուսանկարներ)
Միջազգային աջակցության տրամադրումը Հայաստանում իրականացվող հումանիտար ականազերծման ծրագրերին կշարունակվի:
Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄՆ պետդեպարտամենտի ռազմաքաղաքական հարցերով բյուրոյի զենքերի ոչնչացման և նվազեցման գրասենյակի ծրագրի ղեկավար Էդ Տրիմակասի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինի` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ Սյունիքի մարզում իրականացվող ականավտանգ տարածքների տեխնիկական հետազոտման և հումանիտար ականազերծման տեղամաս այցելության ժամանակ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից:
ԱՄՆ և ԵԱՀԿ կողմերը ծանոթացել են ականազերծման աշխատանքներին` բարձր գնահատելով դրանց նշանակությունը համայնքների անվտանգության, ինչպես նաև գյուղատնտեսական հնարավորությունների զարգացման համար:
Աշխատանքներն իրականացվում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված տեխնիկական առաջադրանքի հիման վրա` ԱՄՆ պետդեպարտամենտի համաֆինանսավորմամբ «ՀԱԼՕ Թրաստ» միջազգային կազմակերպության և ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի կողմից: