Ռուսաստանի առատաձեռնությունը դաշնակիցների վրա չի տարածվում
Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստից հետո Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Թեմիր Սարիևը հայտարարեց, որ Ռուսաստանը Ղրղզստանին կհատկացնի 1.2 մլրդ դոլար` երկրի տնտեսությունը Մաքսային միության պայմաններին համապատասխանեցնելու և անդամակցելու համար:
Նախարարը մանրամասնել էր նաև ֆինօգնության իրացման ուղղությունները. ստեղծվելու է տնտեսության զարգացման հիմնադրամ` 500մլն կանոնադրական կապիտալով, ևս նույնքան տրամադրվելու է արտոնյալ վարկ, իսկ 200 մլն-ն ուղղվելու է «Ճանապարհային քարտեզի» իրացման համար, որի շրջանակներում ղրղզական խորհրդարանում ընդունվելու են 30 օրենքներ և հարյուրավոր ենթաօրենսդրական ակտեր:
Որպեսզի պատկերացնենք Ռուսաստանից ստացվող ֆինօգնության չափը, արժե նշել, որ Ղրղզստանի ՀՆԱ-ն կազմում է ընդամենը 6.5 մլրդ դոլար: Այսինքն Ռուսաստանը Ղրղզստանի ՀՆԱ-ի 18%-ի չափով ֆինօգնություն է տրամադրում Մաքսային միությանն «անցնցում» միանալու նպատակով:
Եթե Հայաստանի դեպքում ռազմավարական դաշնակիցը նույն կերպ վարվեր, ապա Երևանը Ռուսաստանից կարող էր ակնկալել մոտ 2մլրդ դոլար: Ղրղզստանի «ճանապարհային քարտեզի» իրացման համար միայն տրամադրվում է 200 մլն դոլար, մինչդեռ Հայաստանի` ՄՄ-ին միանալու «ճանապարհային քարտեզը» միջոցառումների իրականացման մասշտաբայնությամբ չի զիջում ղրղզականին, սակայն ռուսական ֆինօգնության մասին խոսք չի եղել, ավելին` պետական բյուջեի միջոցներով են կատարվել նախատեսված միջոցառումները: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը Մաքսային միությանն անդամակցելու միջոցառումների ժամանակացույց` «ճանապարհային քարտեզը», հաստատել էր այս տարվա հունվարի 23-ին, որով նախատեսվում էր անցկացնել 262 միջոցառում: Այն բաղկացած էր 20 գլուխներից և ենթադրում էր տարաբնույթ աշխատանքներ մաքսային վարչարարության, տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական, տրանսպորտի և ենթակառուցվածքների, առևտրային քաղաքականության` ընդհանուր առմամբ 20 ոլորտներում:
Թվում էր, թե Երևանը, որը ՄՄ-ին միանալու մասին հայտարարություն անելու ժամանակ, ուներ արդեն ԵՄ-ի հետ ասոցացման շուրջ բանակցված պատրաստի փաստաթուղթ և ինչու չէ գրավիչ առաջարկներ, և ՄՄ-ին միանալու որոշում կայացնելով պետք է, որ օգտվեր արտոնությունների ավելի լայն հնարավորություններից, քան օրինակ Ղրղզստանը, սակայն սեպտեմբերի 3-ից այս կողմ Հայաստանի ստացած «արտոնյալ պայմանները» համեմատելի չեն վերոթվարկած հարյուրմիլիոնների հետ:
Ինչ վերաբերում է Ղրղզստանին տրամադրվող 500 մլն արտոնյալ վարկին, ապա այստեղ ևս ականատես ենք լինում մեր ռազմավարական դաշնակցի կողմից «խտրական» քաղաքականության: Հարց է առաջանում մի՞թե Հայաստանը արտոնյալ վարկ ներգրավելու խնդիր չունի և արդյոք Հայաստանը աշխարհաքաղաքական տեսանկյունից ավելի մեծ կարևորություն չի ներկայացնում, քան Ղրղզստանը: Արտոնյալ վարկի մասին խոսելիս` հիշատակենք 2009թ-ին Ռուսաստանի կողմից 500 մլն վարկի մասին, որը ուղղված էր գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների վերացման համար և վաղաժամ մարվեց նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստանի կողմից թողարկած եվրապարտատոմսերի միջոցով, քանի որ ռուսական վարկի պայմանները այնքան էլ «արտոնյալ» չէին: Ավելին` Ռուսաստանը վերջին տարիներին «մեծահոգաբար» զիջել է իր դաշնակից, բարեկամ, և անգամ այսօր «այլ ճամբարում գտնով» մի շարք պետությունների պարտքեր, սակայն այս սկզբունքը երբեք չի տարածվել Հայաստանի վրա:
Ընդհանուր առմամբ՝ վերջին 14 տարվա ընթացքում Մոսկվան ներել է մոտ 100 մլրդ պարտք, և միայն նախորդ տարում ներվել է 599 մլն ղրղզական պարտքը, 29մլրդ` Կուբայի, իսկ 2008թ-ին Մոսկվան ներել էր Իրաքի 12 մլրդ պետական պարտքը:
Իհարկե պարտքի ներումը քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով է արվում, սակայն ռուս վերլուծաբաններից շատերը համակարծիք են, որ ոչ մի քաղաքական ազդեցություն չի ապահովել Ռուսաստանի համար և շատ երկրների պարտքերը ներվել են` ոչինչ չստանալով դրա դիմաց:
Հայաստանի պարագայում 2000-ականների սկզբից սկսած ռուսական պարտքի մարումը իրականացել է «գույք պարտքի դիմաց» սկզբունքով և ամենաթարմ օրինակը նախորդ տարավերջին «Հայռուսգազարդի» 20% բաժնետոմսերի փոխանցումն էր ռուսական կողմին և պարտքի ներում որպես այդպիսին երբեք չի գրանցվել:
Կարևոր չէ, թե Ռուսաստանն ինչ մղումներով է առաջնորդվում այս կամ այն երկրի նկատմամբ արտաքին ու ֆինանսա-տնտեսական քաղաքականությունը մշակելիս: Սակայն առանց լուրջ ուսումնասիրությունների էլ պարզ է, որ Մոսկվան այդ որոշումների հիմքում խտրական վերաբերմունք է դնում: Ավելին, նման խտրականության արդյունքում ռազմա-քաղաքական դաշնակիցը ոչ միայն զրկվում է հնարավոր նյութական օժանդակությունից, այլև երբեմն ստիպված է սեփական սուղ միջոցներն օգտագործել դաշնակցի «առատաձեռնության» հետևանքով առաջացած մարտահրավերներին: Վերջին թարմ օրինակը Հայաստանի դաշնակցի կողմից Ադրբեջանին T-90 մոդելի 100 հրասայլերի մատակարարման փաստն է:
Հակոբ Սաֆարյան, քաղաքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում