Հովսեփյան. Հունիսի մեկին կարուսելի խափանման դեպք չի գրանցվել
Հունիսի մեկին մայրաքաղաքում գործող կարուսելի խափանման դեպք չի գրանցվել: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, երեկ նշվում էր երեխաների պաշտպանության միջազգային օրը, ինչի առթիվ այգիները մարդաշատ էին, իսկ կարուսելներն աշխատում էին գերբեռնված:
Նախարարության կազմում գործող Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ փոխտնօրեն Վլադիմիր Հովսեփյանը տեղեկացրեց, որ այս տարի փորձաքննության ենթարկված կարուսելներից բացասական եզրակացության են արժանացել երկուսը՝ Հաղթանակ զբոսայգու «Կենգուրու» և Լունապարկի «Տասներկու աթոռ» կարուսելները:
Նրա խոսքով, դրանք էլ վերանորոգումից հետո կրկին ներկայացվել են փորձաքննության, ստացել դրական եզրակացություն: Նա հիշեցրեց, որ կարուսելները փորձաքննության ենթարկվում են տարին մեկ անգամ:
Նշենք, որ 2010-ի մայիսին «Հաղթանակ» զբոսայգում գործող «Թայֆուն» կարուսելի շղթան պոկվել էր, ինչի հետևանքով տարբեր վնասվածքներ էր ստացել 4 մարդ: Ավելի ուշ պարզ դարձավ. «Տվյալ զվարճահարմարանքը չի գրանցվել արտադրական վտանգավոր օբյեկտների գրանցամատյանում, չի անցել նախագծային փաստաթղթերի փորձաքննություն և մեկ ամսից ավելի է, ինչ շահագործվել է օրենքի կոպիտ խախտմամբ։ Անվտանգ շահագործման համար պատասխանատվություն կրում է ինքը՝ շահագործողը»։ Տվյալ դեպքում շահագործողը «Ուրախ ժամանց» ընկերությունն էր: