ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն և «ՀԷՑ»-ը պահանջում են սնանկ ճանաչել «Վանաձորի-Քիմպրոմ» ՓԲԸ-ին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը և ՀՀ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը դատական կարգով պահանջում են «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ին հարկադրված սնանկ ճանաճել: «ՀԷՑ-ի» դատական հայցը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել դեռեւս անցած տարվա հուլիսի 30-ին: ՀԷՑ-ից panorama.am-ին ասացին, որ հայցը ներկայացնելու պահին «Վանաձոր-Քիմպրոմի» ՓԲԸ-ի պարտքը «ՀԷՑ»-ին կազմել է մեկ միլիարդ 379 միլիոն դրամ՝ մոտ երեքուկես միլիոն դոլար:
«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ն չնայած չի գործում, բայց էլեկտրաէներգիայի ծախսի դիմաց վերջինիս պարտքը շարունակում է աճել: Այս տարվա մարտի 1-ի դրությամբ «Վանաձոր-Քիմպրոմի» էլեկտրաէներգիայի պարտքը կազմել է 1 միլիարդ 388 միլիոն դրամ:
Այս գործով, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի նախագահությամբ, վերջին դատական նիստը տեղի է ունեցել ապրիլի 29-ին: Իսկ հաջորդ դատական նիստը նշանակված է վաղը:
ՀՀ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների ՀՏ-ն հայցը ներկայացրել է 2013 թվականի հոկտեմբերի 7-ին: ՊԵԿ-ի հայցադիմումի համաձայն 2013 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա պարտավորությունը կազմում է 2 միլիարդ 159 միլիոն 137 հազար 788 դրամ: 2013 թվականի նոյեմբերի 1-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը բավարարել է ՊԵԿ-ի հայցը և«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ:
Սակայն, հետագայում 2013 թվականի նոյեմբերի 29-ին՝ ուշացումով «Վանաձող-Քիմպրոմ» ՓԲԸ-ն առաջին ատյանի վճիռը բողոքարկել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան: Նշված դատարանը այս տարվա հունվարի 31-ին վերաքննիչ բողոքը բավարարել է ևգործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Արդյունքում, ՊԵԿ-ի հայցը ներկայումս քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարչանի դատավոր Գագիկ Հովհաննիսյանի վարույթում: Այս գործով վերջին դատական նիստը տեղի է ունեցել մայիսի 14-ին, իսկ հաջորդ նիստը նշանակված է այս ամսի 30-ին: Ի դեպ, ՊԵԿ-ի խոշոր հարկ վճարողների ՀՏ-ն «Վանաձոր-Քիմպրոմին» սնանկ ճանաչելու պահանջով առաջին անգամ դատարան է դիմել 2013-ի հուլիսի 19-ին, սակայն չորս օր անց դատարանը հայցադիմումը վերադարձրել է:
Վերը նշված դատական գործերը «Վանաձոր-Քիմպրոմին» սնանկ ճանաչելու առաջին դեպքերը չեն: Դեռեւս 2012 թվականի ապրիլի 28-ին «Վանաձոր-Քիմպրոմին» սնանկ ճանաչելու պահանջով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան է դիմել «Էլեկտրասեվկավմոնտաժ» ՍՊԸ-ն՝ 70 միլիոն դրամ պարտքի համար: 2012-ի մայիսի 24-ին հայցի պահանջը բավարարվել է և«Վանաձոր-Քիմպրոմը» սնանկ է ճանաչվել: 2012 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է առաջին ատյանի վճիռը ևմերժել «Էլեկտրասեվկավմոնտաժ» ՍՊԸ-ի հայցադիմումը:
2012 թվականի հոկտեմբերի 10-ին «Վանաձոր-Քիմպրոմին» սնանկ ճանաչելու պահանջով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան է դիմել «Զակնեֆտեգազստրոյ-Պրոմեթեյ» ԲԲԸ-ն: Այս գործով հայցադիմումի համաձայն, «Զակնեֆտեգազստրոյ-Պրոմեթեյ» ԲԲԸ-ի նկատմամբ «Վանաձոր-Քիմպրոմի» պարտքը կազմել է 112 միլիոն 421 հազար 70 դրամ: 2013 թվականի մարտի 5-ին դատարանը հայցը բավարարել է: 2013-ի ապրիլի 1-ին վճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: 2013 թվականի մայիսի 23-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը ևգործը կարճվել է:
«Սապֆիր» ՍՊԸ-ն 2012 թվականի նոյեմբերի 21-ին դիմել է դատարան «Վանաձոր-Քիմպրոմին» սնանկ ճանաչելու պահանջով, հաջորդ օրը դիմումը վերադարձվել է: Վանաձորի քաղաքապետարանը 2013 թվականի հոկտեմբերի 29-ին դիմել է դատարան «Վանաձոր-Քիմպրոմին» սնանկ ճանաչելու պահանջով, բայց նույն օրը հայցը վերադարձվել է:
Վահագն Հովակիմյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա