Քննարկվել են Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցուման հարցերը
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին:
Նախարար Երվանդ Զախարյանի խոսքով հայ-իրանական էներգետիկ կապերն ու համագործակցությունը շատ կարևոր են Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման ու առաջընթացի համար, տեղեկացնում են էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից:
Դեսպան Ռեիսին շնորհավորել է Երվանդ Զախարյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն Իրանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, և Իրանը պատրաստ է ընդլայնելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ գործակցությունը տարբեր ոլորտներում՝ հատկապես էներգետիկայում:
Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցերն ու համատեղ իրականացվող նախագծերը: Առանձնակի կարևորվել է Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և ընդլայնման համատեքստում: Հանդիպման մասնակիցները քննարկել են Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության խնդիրները:
Հանդպման մասնակիցները նշել են որ հայ-իրանական էներգետիկ ծրագրերն ու համագործակցության հեռանկարները մանրամասն կքննարկեն Թեհրանում կայանալիք ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝ 12-րդ նիստի ժամանակ: