Երգիչ Հայկ Մխոյան. Օտարը դրսում գնահատում է մեր ազգային մշակույթն ավելի լավ, քան մենք` մեր երկրում
«Ցանկացած լավ բան քիչ է ու հասանելի չէ բոլորին: Միշտ էլ եղել է այդպես: Այսօր մեր ժողովրդական ու ազգային երգը, Կոմիտասն ու հոգևորը, ցավալի է, բայց հասանելի չէ բոլորին: Կառուցվել է մի կառույց, որը կոչվում է շոու բիզնես, որի մեջ ոչինչ չկա: Այսօր ամբողջ աշխարհը քեզ հետ նստում է հաշվի զուտ քո ազգային մշակույթի համար, ոչ թե «աստղերի» ու «աստղիկների» կողմից ներկայացվածի համարը, որն իրենք էլ չգիտեն, թե ինչ է»,- Panorama.am-ի հետ զրույցում նման դիտարկումներ արեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, ժողովրդական երգի կատարող Հայկ Մխոյանը:
Նշենք, որ Հ. Մխոյանը մասնակցել է մայիսի 3-4-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում տեղի ունեցած «Ծով և հիշողություն» երգի միջազգային 17-րդ մրցույթ-փառատոնին: Շնորհալի երիտասարդը հայ աշուղական երգարվեստը մրցույթում ներկայացրել է արժանվույնս և միջազգային ժյուրիի կողմից արժանացել առաջին կարգի դափնեկրի կոչման:
«Մրցույթին մասնակցել է վեց երկրի ներկայացուցիչ: Միայն մեր երկրից չկար որևէ մեկը, որ ներկայացներ իր մասնակցին, նաև ժյուրիի կազմում չկար մեր երկրից ներկայացուցիչ, ի տարբեր մյուս հինգ երկրների: Բայց ժյուրիի բոլոր անդամները միահամուռ կերպով ինձ շնորհեցին առաջին կարգի դափնեկրի կոչումը»,- ներկայացրեց երգիչը: Մրցույթում նա կատարել է երկու երկու՝ բուլղարական (փառատոնի կազմակերպիչների պահանջն է եղել, որպեսզի պրոպագանդվի նաև բուլղարական մշակույթը) և «Մուսա լեռ» ագգագրական երգը:
Հայկը պատմեց, որ արժանացել է ջերմ ընդունելության, հայկական արվեստի մասին միայն հիացական խոսքեր է լսել. «Օտարը դրսում գնահատում է մեր ազգային մշակույթն ավելի լավ, քան մենք ինքներս մեր երկրում»:
Մրցույթից հետո Հայկ Մխոյանն արդեն ստացել է մի շարք հրավերներ: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք չեք պատրաստվում մենահամերգով հանդես գալ Երևանում, երգիչն ասաց, որ նպատակ ունի, սակայն այժմ աշխատում է տեսահոլովակի վրա:
«Իմ հիմնական հանդիսատեսը մեծահասակներն են, սակայն ուրախալի է, որ նրանց մեջ շարքերում տեսնում եմ նաև երիտասարդների: Իրենք պարտավոր են լսել այն, ինչ իրենց ազգինն է պատկանում, ինչ գալիս է մեր ակունքներից: Նոր դարն իր հետ բերել է շատ վատ բաներ, որոնք այսօր ժողովուրդը լսում է՝ թեկուզ չուզենալով: Այսօր մաքրման պրոցես է գնում»,- ասաց երգիչը:
Ըստ նրա, այսօր ազգային, ժողովրդական մշակույթի նկատմամբ պետության կողմից չկա հատուկ վերաբերմունք, իսկ այն, ինչ որ անում են, շինծու է. «Լավ է, որ երբեմն-երբեմն պրոպագանդում են, բայց դա շինծու է, դրա տակ ուրիշ քաղաքականություն է»:
«Ազգային մշակույթի առաջին պրոպագանդողը պետք է պետությունը լինի: Սակայն այսօր ազգային մշակույթի տարածմամբ, պրոպագանդմամբ մի քանի անհատներ են զբաղվում, այդ իսկ պատճառով ժողովուրդն անհրաժեշտ մաքուր մշակույթ չի լսում, չի տեսնում»,- ասաց Հայկ Մխոյանը:
Նրա կարծիքով, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար առաջին երկու նախապայմանները պետք է լինեն՝ ազգային երգի, երաժշտության համերգների հաճախակի կազմակերպումը, եթերներից ազգային երաժշտություն մատուցելը:
«Այսօր ընդունում ենք օտարի վատ արվեստը, չնայած լավն էլ ունեն, ու մոռանում ենք մեր, որն ավելի լավն է»,- իր խոսքը եզրափակեց երգիչ Հայկ Մխոյանը: