«Ժառանգությունը» պահանջում է դադարեցնել Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացը
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով պահանջում է դադարեցնել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացը:
««Ժառանգություն» կուսակցությունը 2013-ի սեպտեմբերի 3-ից ի վեր հետևողականորեն և պարբերաբար դեմ է արտահայտվել Հայաստանը Մաքսային միությանը կամ դրա իրավահաջորդ Եվրասիական տնտեսական միությանը միացնելու ՀՀ իշխանության դատապարտելի ջանքերին: Համարում ենք, որ Սերժ Սարգսյանի անընդունելի, Հայաստանի ազգային շահերից չբխող արտաքին և ներքին քաղաքականությունները միտված են կեղծված ընտրությունների արդյունքում ձեռք բերած իր անձնական իշխանության երկարաձգմանը և հարվածում են Հայոց երկու պետականությունների անկախությանն և անվտանգությանը:
Մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության հիմնադրման արարողության ընթացքում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հնչեցրած նախապայմանը, որը վերաբերում էր Հայաստանին այդ միության մեջ առանց Արցախի ընդունելուն, և որն ակնհայտորեն համաձայնեցված էր Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի հետ, այլևս ամենքին ցույց տվեց, որ Հայաստանը անելիք չունի այս միության մեջ:
Թեև ԵՏՄ-ն ձևավորվում է իր անդամների շահերը պաշտպանելու նպատակով, այն չի պատրաստվում պաշտպանել Հայաստանի ազգային շահերը. ճիշտ հակառակը՝ արդեն պաշտպանում է միությանն անդամակցելու որևէ մտադրություն չհայտնած, ՀԱՊԿ անդամ չհանդիսացող և մեր երկրի հետ պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանի շահերը: Հայաստանին փորձ է արվում պարտադրել մի նախապայման, որը չի գործել այս միության մեկ այլ անդամի՝ Ռուսաստանի պարագայում, որը մտել է միություն ո՛չ «միջազգայնորեն ճանաչված սահմաններով»:
Հայաստանի հանդեպ անհարգալից վերաբերմունքը ԵՏՄ-ում հիմք է տալիս կարծելու, որ Հայաստանն այդ միությունում դիտվում է ոչ թե որպես իրավահավասար գործընկեր, այլ որպես գործիք՝ Ադրբեջանի վրա ներգործելու համար: Իսկ այս դեպքում Ադրբեջանին վճարվող գինը դիտվում է Արցախը: Փաստորեն, այս միության մեջ դեռ Ադրբեջանի բացակայության պայմաններում վերջինի շահերը արդեն ավելի բարձր են դասվում Հայաստանի շահերից:
«Ժառանգություն» կուսակցությունը.
1. պահանջում է ՀՀ դե ֆակտո նախագահից անհապաղ հրաժարվել Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացից.
2. կոչ է անում ՀՀ քաղաքական ուժերին պաշտոնական դիրքորոշում արտահայտել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու վտանգավոր գործընթացի վերաբերյալ, նաև ս.թ. մայիսի 29-ին Աստանայում ի հայտ եկած իրողությունների լույսի ներքո.
3. կոչ է անում Հայաստանի առողջ ուժերին միասնաբար ուղիներ փնտրել Հայաստանի և Արցախի ինքնիշխանությանը և անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին դիմակայելու համար»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան