Մեկնարկել են 2014 թվականի միասնական ընդունելության քննությունները
Այսօր մեկնարկել են 2014 թվականի միասնական ընդունելության քննությունները: Այդ կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի պետական համալսարան՝ հանդիպելու «Կենսաբանություն» առարկայից միասնական քննություն հանձնող դիմորդներին և ծանոթանալու քննության անցկացման ընթացակարգին: Այս մասին հաղորդում են կառավարության լրատվական ծառայությունից:
Երկրի վարչապետը հաջողություն է մաղթել երեխաներին և ընդգծել, որ արվելու է ամեն ինչ՝ արդարություն ապահովելու համար:
«Մեր նպատակն է արդար մրցակցություն ապահովել: Մենք վերահսկելու ենք, որ ամեն ինչ լինի օրենքի շրջանակում: Ով գիտելիք ունի, մեզ մոտ բարձր գնահատական ունի: Մաղթում եմ, որ ձեր գիտելիքներն ազատ, համարձակ ցուցաբերեք և հաջողության հասնեք», - նշել է կառավարության ղեկավարը:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ և ուսանողների մասնակցությամբ բացվել են 2014 թ. «Կենսաբանություն» առարկայի միասնական քննության թեստերի փակ ծրարները: Մոտենալով քննական շենքի բակում հավաքված ծնողներին՝ վարչապետը համբերություն է մաղթել նրանց և հորդորել ցանկացած մտահոգության, անարդարության պարագայում անհապաղ հայտնել իրեն:
Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ այդպիսի դեպքերի արձանագրման ժամանակ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:
Լրագրողների հետ ճեպազրույցում Հովիկ Աբրահամյանը կարևորել է պետության կողմից քննական գործընթացում արդարության ու թափանցիկության ապահովումը, ինչը թույլ կտա ազնիվ և արդար մրցակցության պայմաններ ստեղծել: Պետության նպատակն է, որպեսզի յուրաքանչյուր ուսանող կրթություն ստանալու հնարավորություն ունենա՝ անկախ սոցիալական պայմաններից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան