Իրանցի հոգևորական. Ադրբեջանի ղեկավարներն իշխանությունը չկորցնելու համար պետք է պատմությունից դասեր քաղեն
«Ադրբեջանի ղեկավարներն իշխանությունը չկորցնելու համար պետք է պատմությունից դասեր քաղեն»,-այդ մասին իրանական «Ղաֆղազ.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Ասթարայի հոգևոր առաջնորդ (իմամ ջոմե) հոջաթ օլ-էսլամ Քազեմ Հաֆեզ Նիան:
Իրանցի բարձրաստիճան հոգևորականը, «Ղաֆղազնյուզ» կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով Ադրբեջանում կրոնական գործիչների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին, մասնավորապես նշել է. «Ադրբեջանի իշխանությունները պետք է պատմությունից դասեր քաղեն և ազատազրկված կրոնական գործիչներին ազատ արձակեն: Իրանում Ռեզա շահը ևս դեմ էր հեջաբին, արդյունքում՝ կորցրեց իշխանությունը»:
Շարունակելով խոսքը՝ Ասթարայի իմամ ջոմեն հավելել է. «Եթե Ադրբեջանի իշխանությունները շարունակեն գործել կրոնական գործիչների դեմ, ապա Իրանի շահի պես կկորցնեն իրենց իշխանությունը»:
Իրանական «Արաննյուզ.իռ» կայքն էլ հաղորդում է, որ Թավրիզի «Սեթարխան» համալիրում Ադրբեջանում ազատազրկված կրոնական գործիչներին նվիրված հավաք է տեղի ունեցել, որի ընթացքում Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի (Արևմտյան Ազարբայջան) Մարդու իսլամական իրավունքների կոմիտեի քարտուղար Վահիդ Քազեմ Զադեն հայտարարել, որ իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում ադրբեջանցի բանտարկյալներին:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի Արդաբիլ նահանգի «Շեյխ Սաֆաէդդին» համալիրում Ադրբեջանում ձերբակալված իսլամական գործիչներին նվիրված ցուցահանդես էր կազմակերպվել:
Նախորդող հրապարակում՝
Ադրբեջանում ձերբակալված իսլամական գործիչներին նվիրված ցուցահանդես՝ Իրանում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում