Մերկելը՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մասին. «Չկա նման անհրաժեշտություն»
ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը չի լինի Հյուսիսատլանտյան դաշինքի գալիք գագաթաժողովի օրակարգում: Այս մասին «Deutsche Welle» պարբերականի փոխանցմամբ, Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Չկա նման անհրաժեշտություն»,- այսպես է արձագանքել Մերկելը ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության վերաբերյալ հարցին՝ միաժամանակ անվանելով Վրաստանին «լավ գործընկեր» ՆԱՏՕ-ի ու Եվրամիության կողմից իրականացված շատ առաքելություններում:
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ Վրաստանը հաջողություններ է գրանցել դաշինքի հետ ինտեգրման ճանապարհին:
Իր հերթին Վրաստանի վարչապետը նշել է, որ Եվրամիության հետ մերձեցման ճանապարհին իր երկիրը պատրաստվում է ցուցադրել ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ռուսաստանի հետ հաջող համագործակցության օրինակ:
«Ռուսաստանի հետ կառուցողական, նորմալ հարաբերությունները հնարավոր են և դրանց օգնությամբ լուծվում են երկու պետությունների միջև եղած խնդիրները»,- ասել է Իրակլի Գարիբաշվիլին՝ կոչ անելով Ուկրաինայի ղեկավարությանը շուտափույթ երկխոսություն սկսել Մոսկվայի հետ: