Թուրք բանաստեղծ. Խիղճը կարող է զարգանալ կարեկցանքի միջոցով
«Paper Boats of Poetry» կայքը տպագրել է թուրք բանաստեղծ Սերքան Էնգինի` (Serkan Engin) հեղինակած հոդվածը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
«Ես հավատում եմ, որ Հայաստանի և Թուրքիայի երիտասարդությունը համընդհանուր պայքարի միջոցով կարող է ոչնչացնել ատելությունը:
Ես փորձում եմ Հայոց ցեղասպանության մասին իմ հոդվածների միջոցով իրազեկությունը բարձրացնել հատկապես թուրք երիտասարդության շրջանում, ինչպես նաև փորձում եմ տեղեկացնել այլ ցեղասպանությունների մասին, որոնք իրականացրել են մեր թուրք նախնիները, որպեսզի նման սարսափելի հանցագործություններ էլ երբեք տեղի չունենան:
Ես փորձում եմ փոխել Թուրքիայիում հայերի և հույների հարցում սխալ ընկալումը, որը հիմնված է պաշտոնական սուտ գաղափարախոսության վրա: Ես փորձում եմ թուրք երիտասարդությանը ցույց տալ մեր պատմության սարասփելի իրողությունը:
Ես հավատում եմ, որ միայն խիղճը կարող է փրկել աշխարհը, ոչ թե մեծ գաղափարները, մեծ առաջնորդները, շատ փողը, շատ զենքերը, քանի որ ոչ մի խիստ օրենք չի կարող ավելի հզոր լինել քան խիղճը: Խիղճը կարող է զարգանալ կարեկցանքի միջոցով, իսկ կարեկցանքն էլ սկսվում է այլ մարդկանց ցավը ճանաչելուց: Մենք բոլորս պետք է կարեկցանքի զգացումը զարգացնենք բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր տառապում են ճնշվածությունից, անտեսումից, շահագործումից, չարաշահումից:
Ես հանուն մարդկության և մարդկային խղճի ոչ միայն ներողություն եմ խնդրում հայերից, ասորիներից, Պոնտոսի հույներից ցեղասպանությունների համար, այլ ներողություն եմ խնդրում Ռուանդայի, Բոսնիայի, Կամբոջայի, Դարֆուրի, Հոլոքոստի և այլ սարսափելի ցեղասպանությունների համար, որոնք իրականացվել են անխիղճ ոճրագործների կողմից»,-գրել է վերջինս: