Ադրբեջանցի փորձագետ. Ադրբեջանի պաշտպանության նախարարի կոչը` լինել ավելի դաժան, անհաջող քայլ էր
Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերենլին գտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ սահմանամերձ գոտում ծառայող զինվորներին ուղղված հանձնարարությունը «ավելի դաժան լինել» սխալ է և հակասում է երկրի վարած քաղաքականությանը: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը:
Թերթը հիշեցնում է, որ օրերս զինված ուժերի զորամիավորումների և զորամասերի` սահմանամերձ շրջաններում լայնածավալ զինավարժանքների անցկացման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամանատարական անձնակազմի հետ անցկացրած խորհրդակցություններում սպաներին հատուկ հանձնարարել է «թշնամու նկատմամբ ավելի դաժան, ավելի վճռական լինել»:
Թերթը հայտնում է, որ նախարարի այդ հայտարարությունը դեռևս չի հերքվել Ադրբեջանի ՊՆ-ի կողմից, և այս լուրը հրապարակել են նաև պաշտոնական լրատվական կայքերը:
Ջասուր Սումերենլիի խոսքերով՝ նախարարի անունից նման հայտարարության տարածումը անհաջող քայլ է:
«Եթե այդ հայտարարության տարածման մեջ առկա է նախարարության մամուլի ծառայության դերը, դա նշանակում է, որ նախարարության տեղեկատվական քաղաքականությունն անհաջողության է մատնվել: Աշխարհի ոչ մի ժողովրդավարական երկրում նախարարի կողմից նման հայտարարություն չի հնչեցվում»,- հայտնել է փորձագետը:
Նրա կարծիքով՝ նման կոչերը հիմնականում հաշվարկված են ներքին լսարանի համար:
Ներկայիս իրականության մեջ որևէ պատերազմի հավանականություն առկա չէ: Դրանք միմիայն քաղաքական քարոզչության ձևեր են:
«Որպես կանոն, իշխանությունները նման քայլերի են դիմում ժողովրդավարության, մարդու իրավունքների բնագավառում ճնշումների, շփման գծում իրավիճակի լարվելու ժամանակ: Ցանկացած դեպքում` խաղաղությանը կողմնակից երկրի նախարարը չպետք է խոսի դիակներից և դաժանություններից»,- նշել է Ջասուր Սումերենլին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան