Խորհրդային ջազ վոկալի «թագուհի» Տաթևիկ Հովհաննիսյանի ծննդյան օրն է (լուսանկարներ, տեսանյութ)
«Նա ունի լայն դիապազոնով հրաշալի ձայն, նրա կատարումը դյութում է կրքի և սվինգի անզուգական զգացողությամբ»,- այսպես է նկարագրել Տաթևիկ Հովհաննիսյանին ջազի քննադատ Ալեքսեյ Բատաշևը:
59 տարի առաջ այս օրը Երևանում ծնվել է խորհրդային ջազ վոկալի «թագուհին» Տաթևիկ Հովհաննիսյանը:
Առաջին անգամ հայտնվելով մեծ բեմում 70-ականներին Պետական նվագախմբի կազմում` Կոստանդին Օրբելյանի ղեկավարությամբ, Տաթևիկ Հովհաննիսյանն անմիջապես աչքի է ընկել:
Իննը տարի շարունակ երաժշտական քննադատները նրան համարում էին Խորհրդային Միության լավագույն ջազ երգչուհի:
Այդ տարիներին նա խիստ պահանջված էր. ելույթ էր ունենում ձայնագրվում էր Իգոր Բրիլի անսամբլի, Թիիթ Պաուլուսի էստոնական տրիոյի, Գունարա Ռոզենբերգի` Ռիգայի բիգ-բենդի հետ, նրա ձայնը հնչել է ռադիոյով և հեռուստատեսությամբ:
80-ականներին Տաթևիկ Հովհաննիսյանը մեկնում է ԱՄՆ և բնակություն հաստատում Նյու Յորքում: Նրան հաջողվում է ջազի հայրենիքում նույնպես ապացուցել սեփական «ես»-ը, և այս բոլոր տարիներին հավատարիմ է իր կոչմանը` երգում է ջազ:
Նա տասնյակ համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ավստրալիայում, մասնակցել է միջազգային փառատոնների, ելույթ է ունեցել այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են «Քարնեգի Հոլլ»-ը և «Լինքոլն Սենթր»-ը:
Նրա համար երգեր է գրել ժամանակակից երգահան Միշել Լեգրանը: Երգում է ամերիկյան, բրազիլական և էթնիկ հայկական ջազ` Կոմիտաս, Սայաթ-Նովա, հայկական ժողովրդական երգեր ջազային մշակումներով:
Հայ հանրահայտ երգչուհի Օֆելյա Համբարձումյանի դուստրը` Տաթևիկը, չէր կարող չվերադառնալ ակունքներին: Հայկական ծագում ունեցող ամերիկացի ջազ դաշնակահար Արմեն Դոնելյանի հետ համատեղ Տաթևիկը ստեղծել է հայկական ժողովրդական երգերի ջազային մշակումներից բաղկացած ծրագիր և ձայնագրել վերջինիս ալբոմը:
Հիշեցնենք, որ Տաթևիկ Հովհաննիսյանն առաջիկայում մենահամերգներով հանդես է գալու Հայաստանում և Արցախում: