«Դժբախտ քաղաք է Գյումրին…». բնակարանաշինությունը դարձյալ հետաձգվեց
Գյումրիի անօթևանները հույսը դարձյալ պետք է կտրեն, թե առաջիկայում բնակարան կստանան. բնակարանաշինության ծրագիրը ընթացիկ տարում Գյումրիում չի վերսկսվի: Այս մասին Panorama.am-ին հայտնեց «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը, ով այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարությունում ներկա է եղել հանդիպման, որի ընթացքում էլ փոխնախարար Արմեն Ղուլարյանը այդ լուրը հայտնել է:
«Առաջիկա տարում շինարարություն Գյումրիում չի իրականացվելու, իսկ հաջորդ տարվա մասին դեռևս հայտնի չէ, ասացին, որ երկու ամիս հետո կպատասխանեն այդ հարցին»,- նշեց Վ.Թումասյանը, ով հետաքրքրվել է պաշտոնյայից` մեկ տարի հետաձգումը նշանակում է, որ մեկ տարուց շինարարությունը կսկսվի, թե մեկ տարուց հետո նոր պարզ կլինի, թե ե՞րբ այն կսկսվի:
Հարցին, թե ինչով են պարզաբանում առանց այդ էլ մի քանի տարի հետաձգվող շինարարության հերթական ձգձգումը, Վ.Թումասյանն ասաց, որ իրեն այդ պահին ավելի շատ հետաքրքիր էր մարդկանց ճակատագիրը, որոնք անմխիթար պայմաններում պարզապես գոյատևում են տնակային ավաններում և ոչ թե նրանց հերթական պատճառաբանությունները` ինչու: Բայց բնական է, որ հիմնական պատճառաբանությունը գումար չլինելն է…
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Panorama.am-ը այս հարցի վերաբերյալ հարցում էր արել Շիրակի մարզպետարան` ճշտելու, թե քանի շենք պետք է կառուցվի երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների համար Գյումրիում և Ախուրյանում: Ստացված պատասխանի համաձայն` Գյումրիում կառուցման ենթակա է 8 շենք, որտեղ 433 բնակարան կհատկացվի, իսկ Ախուրյանում 4 շենք` 136 բնակարանով: Եվս 167 անհատական բնակելի տներ նախատեսվում է կառուցել մարզի թվով 19 գյուղական բնակավայրերում:
Վ.Թումասյանը նշեց, որ Ախուրյանի շենքերից երեքը կիսավարտ վիճակում են և դրանց շինարարությունը, բարեբախտաբար, այս տարվա ընթացքում ավարտին կհասցվի.
«Դրանք ավարտական փուլում էին, շինարարությունը կշարունակվի: Կարծում եմ մոտավորապես 30-40 ընտանիք վերջապես բնակարան կստանա»,- նշեց նա:
«Դժբախտ քաղաք է Գյումրին…»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Նախորդող հրապարակում`
Երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների բնակարանաշինության հարցը` օդից կախ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները