Գարշահոտություն Վեդիում. «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ»-ն «սալյարկա» չո՞ւնի, որ հասնի վթարի վայր
Արդեն չորրորդ օրն է Վեդիում վթարվել է կոյուղին և քաղաքային հիվանդանոցի ու հարակից շենքերի բնակիչները զրկվել են ոչ միայն կոյուղու բնականոն աշխատանքից օգտվելու հնարավորությունից, այլև սանիտարահիգիենիկ սարսափելի պայմաններում են հայտնվել` գարշահոտությունը ընկել է ողջ տարածքով մեկ, և ոչ մի պատկան մարմին, կարծես, չի շտապում զբաղվել այս խնդրով: Այս մասին Panorama.am-ին ահազանգեցին Վեդու բնակիչները` խնդրելով աջակցել, որպեսզի սայլը տեղից շարժվի, քանի որ Վեդու քաղաքապետը, օրինակ, բնակիչների ահազանգերին նախ ուշ է արձագանքել, հետո էլ պատճառաբանել է, թե քաղաքում չի եղել:
«Հիմա ի՞նչ, որ ինքը քաղաքում չի, մեր կյանքը կանգ ա առնո՞ւմ, գարշահոտի մեջ կորե՞նք: Հետո մենք ջհանդամ, բա էս հիվանդանոցը, առանց էդ էլ առանձնապես լավ վիճակում չէր, հիմա էլ առավել ևս` ոչ կարան օպերացիա անեն, ոչ մի բան, հիվանդները հոտից խեղդվում են... շոգ ա չէ», - բողոքեց խմբագրություն ահազանգած տիկինը:
Panorama.am-ի հետ զրույցում Վեդու քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը տեղեկացրեց, որ վթարը տեղի է ունեցել հանգստյան օրերին` շաբաթ օրը (թեև հիշեցնենք, որ անցած շաբաթ օրը պաշտոնապես աշխատանքային էր), բայց քանի որ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԲԸ-ի տնօրեն Պատրիկ Լորենը «շաբաթ-կիրակի չի թողնում, որ աշխատեն» նախօրեին պիտի գնացած լինեին. «Երեկ էլ նրանք սալյարկա չեն ունեցել. ահագին տհաճ խոսակցություն ենք ունեցել, այսօր պետք է, որ գան կարգավորեն»:
«Դա ջրմուղի ոլորտն է, որն, առանձին միավոր է, քաղաքապետարանին ենթակա չի: Բայց քաղաքային իշխանությունները համապատասխան խնդիրը բարձրացրել է իրենց առաջ, հարցը դրել է կոպիտ ձևով, կոշտ ձևով: Ինձ թվում է այսօր մինչև օրվա վերջ կկարգավորվի»,- հավաստիացրեց քաղաքապետ Բարսեղյանը:
Իսկ ահա «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ»-ից Panorama.am-ին հայտնեցին, որ վթարի մասին տեղեկատվություն չունեին, օպերատորը գրանցեց հասցեն ու խոստացավ, որ մեկ-երկու օրվա ընթացքում խնդիրը կկարգավորվի:
Ինչ վերաբերում է հարցին, թե բնակիչների ու նաև քաղաքապետի հավաստմամբ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ»-ից ասել են, թե վառելիք չունեն, որ գան Վեդի, օպերատորը ուղղակի լռեց:
Panorama.am-ը դեռ կանդրադառնա այս խնդրին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները