Դամասկոսում ԱՄՆ նախկին դեսպան. Սիրիայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը չի զարգանում
Դամասկոսում ԱՄՆ նախկին դեսպան Ռոբերտ Ֆորդը քննադատել է նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ` ասելով, որ Վաշինգտոնը նախկինում ավելի շատ պետք է զիներ չափավոր ընդդիմությանը, իսկ ԱՄՆ-ի չկողմնորոշվելու պատճառով մեծացել է ծայրահեղականության սպառնալիքները: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Սիրիայի ընտրությունները ազդակ են մեզ, տարածաշրջանի այլ երկրներին, Եվրոպային, որ Ասադը չի հեռանալու: Նա խորը արմատներով շարունակում է մնալ Սիրիայի մայրաքաղաքում, թեև երկրի որոշ շրջաններ դուրս են իր վերահսկողությունից»,-ասել է Ֆորդը` ավելացնելով, որ իրենք պետք է Սիրիայի չափավոր ընդդիմությանը աջակցեն զենքով, և «ոչ մահացու» այլ օգնությամբ:
«Եթե երկու տարի առաջ մենք դա արած լինեինք, մենք կտապալեինք նրան (Ասադին, խմբ.), «Ալ-Կաիդայի» խմբավորումները չէին կարողանա մրցակցել չափավոր ընդդիմության հետ, որի հետ մենք շատ ընդհանուր բաներ ունենք»,-նշել է նախկին դեսպանը` հավելելով, որ Ռուսաստանը և հատկապես Իրանը մեծացնում են Ասադին ցուցաբերվող օգնությունը:
«Մեր քաղաքականությունը չի զարգանում և ես հայտնվել եմ մի կետում, որտեղ այլևս չեմ կարող պաշտպանել այն»,-եզրափակել է Ֆորդը:
Նշենք, որ ԱՄՆ-ն սահմանափակ օգնություն է ցուցաբերում Սիրիայի չափավոր ընդդիմությանը, Հորդանանում մարզում նրա մարտիկներին:
Ռոբերտ Ֆորդը Սիրիայի դեսպան է նշանակվել է 2010 թվականին` քաղաքացիական պատերազմը սկսվելուց առաջ: 2011 թվականի հոկտեմբերից նա իր պարտականություններն իրականացնում էր Վաշինգտոնից, քանի որ Դամասկոսում նրա նկատմամբ սպառնալիքներ են հնչել: 2014 թվականի ապրիլից թոշակի է անցել: