Կաղամբի երկիր կաղամբ է ներմուծվում. «Գազը թանկ է, հոսանքը թանկ է»
Մի քանի տարի առաջ՝ ավելի հստակ 2011-ին Արմավիրի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի բնակիչները կաղամբի ձեռքը կրակն էին ընկել: Մոտ հազար տոննա բերքն օրինակ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում մնացել էր ձյան տակ: Այսօր պարզվում է, որ հանրապետություն կաղամբ է ներկրվում:
Panorama.am-ի հետ զրույցում Լուկաշինի համայնքապետ Կարեն Մկրտչյանն ասաց, որ անցած տարի բերքի իրացման խնդիր գյուղացիները չեն ունեցել, քանի որ եղանակային պայմաններն անբարենպաստ էին, բերքը քիչ էր, եղածն էլ իրացվել է: Սակայն այս պահին գյուղացիները շուկա տանելու կաղամբ չունեն: Ջերմոցում կաղամբ աճեցնելը, նրա խոսքով, գյուղացու համար թանկ հաճույք է, միջոցներ չկան, դրա համար կսպասեն, հունիսին դաշտում կսածիլեն:
Նրա կարծիքով, այսօր շուկայում վաճառվող նոր կաղամբի մեծ մասը դրսից բերված է. «Ջերմոցային տնտեսություններով պետք է կարողանանք հարցը լուծել, իսկ դա մեզ համար թանկ հաճույք է, գումարային խնդիր կա՝ գազը թանկ է, հոսանքը թանկ է»:
Գյուղապետն ասաց, որ գյուղից մարդիկ սկսել են քիչ արտագաղթել, ինչի շնորհիվ էլ այսօր գյուղի բոլորը հողերը վարած են, նախատեսվում է, որ 100 հա-ով կավելանա կաղամբի դաշտերը՝ հասնելով 300-350 հա-ի: Կ. Մկրտչյանի խոսքով, այսօր էլ յուրաքանչյուր գյուղացի ինքն է հոգալու աճեցրած բերքի իրացման հարցը, կնքված պայմանագրեր չկան:
Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Սամվել Թանգյանը Panorama.am-ին ասաց, մոտավոր հաշվարկներով այս տարի կաղամբ կաճեցվի 100-150 հա հողատարածքում, վերջին երկու տարում մի փոքր ավելացել է: Անցած տարի այստեղ էլ իրացման խնդիր չի եղել, բանակի համար էլ է գնվել. «Մեր մարզում կաղամբը լինում է սեպտեմբեր-հոկտեմբերին, ջերմոցներ չունենք, հիմնականում լինում է դաշտում»:
Նկատենք, որ այս պահին կաղամբը շուկայում վաճառվում է 80-150 դրամով, մինչդեռ սեզոնին այն հասնում է 50 դրամի:
Վերջին տարիների ընթացքում ինչքա՞ն կաղամբ է ներկրվել, ո՞ր ամիսներին, ո՞ր երկրներից. Այս հարցերին ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայությունից խոստացել են պատասխանել: