Իրանի հետ ցանկացած տնտեսական հարաբերության զարգացում Հայաստանին ձեռնտու է. Ճշմարիտյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հայ-իրանական սահմանի մոտ նոր ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին լուրերին, նշեց, որ դա դեռ ծրագիր է, որը կարող է արդյունավետ լինել:
Կարևորելով հայ-իրանական հարաբերությունները, նախարարն ասաց, որ Իրանը մնում է Հայաստանի հաստատուն, լավ բարեկամ երկիրը, և Իրանի հետ ցանկացած տնտեսական հարաբերության զարգացում Հայաստանի համար ձեռնտու է, հատկապես, եթե դա լինի ազատ տնտեսական գոտի, որտեղ կարող են ներկայացված լինել այնպիսի ոլորտներ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում:
Կ.Ճշմարիտյանի խոսքերով` այդ ծրագրով հետաքրքրված են ոչ միայն հայ և իրանցի, այլև սփյուռքահայ գործարարներ:
«Այդ տնտեսական գոտում հիմնականում նախատեսվում է ստեղծել հայ-իրանական համատեղ արդյունաբերական ձեռնարկություններ»,- ասաց նա:
Հարցին, թե Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ինչպես կանդրադառնան ազատ տնտեսական գոտու գործունեության վրա, նախարարն ասաց, որ պատժամիջոցները վերաբերում են այն ընկերություններին, որոնց հետ Հայաստանը որևէ առնչություն չի ունեցել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները