Բժշկական կրթական ծրագրերի լիցենզավորումն այսուհետ կտրամադրի ԿԳՆ կառույցը
Բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի համար լիցենզավորումն այսուհետ տալու է ոչ թե Առողջապահության, այլ Կրթության և գիտության նախարարությունը:
Կառավարության համապատասխան որոշման մեջ այս մասին փոփոխություն անելու նախագիծ է ներկայացել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` մեջբերելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն «Կրթական գործունեության լիցենզիան տալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը»:
Բժշկական մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններն իրենց կրթական գործունեությունը ծավալում են ոլորտը կարգավորող օրենքներով և իրավական ակտերով, իրականացնում են կրթական ծրագրեր` ապահովելով սովորողների ուսուցումն այդ ծրագրերի պահանջներին համապատասխան:
Որոշման նախագծում նաև նշվում է այս կարգավորման նպատակը և բնույթը: Ըստ այդմ. «Կառավարության որոշումների ընդունման նպատակն է կրթական ոլորտում միասնական պետական քաղաքականություն, կրթության բնագավառում պետական քաղաքականության միասնական չափանիշներ ունենալը, ուսումնական հաստատությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ ապահովելը, ինչը կնպաստի կրթության բնագավառում իրականացվող կրթական գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով մասնագիտական կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը»:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լիցենզիաների պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ միասնական վերահսկման մեխանիզմներ, և դրանք չպահպանելու դեպքում պատժամիջոցների կիրառման արդյունավետության բարձրացում` մասնագիտական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար հավասարապես:
Նշենք, որ Կրթության և գիտության նախարարությունը Հայաստանի բոլոր պետական բուհերի, այդ թվում նաև «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի» լիազոր մարմինն է, իսկ 2013 թվականի ընթացքում նախարարության ենթակայությանն են հանձնվել ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող 11 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա