Էրդողանը CNN-ի թղթակցին գործակալ է անվանել
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը CNN հեռուստաընկերության թղթակից` Իվան Ուոթսոնին անվանել է ստորաքարշ և գործակալ, քանի որ վերջինս լուսաբանել է հակակառավարական ցույցերը: Այս մասին տեղեկացնում է «The Guardian» պարբերականը:
Ստամբուլի ոստիկանությունը շաբաթ օրը ընդահատել էր CNN հեռուստաընկերության ուղիղ եթերը, որի ժամանակ Ուոթսոնը լուսաբանում էր Թուրքիայում տեղի ունեցած ամենամեծ բողոքի ակցիայի առաջին տարելիցի կապակցությամբ կազմակերպված ցույցերը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) անդամների առաջ ունեցած ելույթում կտրականապես դատապարտել է ամերիկյան CNN հեռուստաընկերության գործունեությունը:
Էրդողանի խոսքերով՝ հեռուստաալիքի լրագրողները միտումնավոր կրքեր են բորբոքել, ինչն էլ վերջին հաշվով անցած շաբաթ անկարգությունների է հանգեցրել Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում:
Ոստիկանությունը ուղիղ եթերի ժամանակ Իվան Ուոթսոնի ձեռքից վերցրել է տեսախցիկը:
«Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալեց ինձ և իմ անձնակազմին»,- Twitter-ի իր էջում գրել էր վերջինս:
Իսկ ԱՄՆ արտգործնախարարությունում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ արտգործնախարարության փոխխոսնակ Մարի Հարֆը նշել է, որ անհանգստացած են Թուրքիայում խաղաղ ցուցարարների ձերբակալությունների հարցում:
Անդրադառնալով հարցին, թե՝ Էրդողանը CNN հեռուստաընկերության թղթակցին գործակալ է անվանել, Հարֆը պատասխանել է. «Ես պետք է ասեմ, որ նրանք անկախ և անկողմնակալ լրատվամիջոցներ են: Մենք ուժեղ աջակցություն ենք ցուցաբերում Թուրքիայում ԶԼՄ-ների անկախությանը, այդ թվում CNN-ի թղթակից Իվան Ութսոնին և շարունակում ենք մեր անհանգստություններն արտահայտել»: