Իրանի ԱԳՆ-ն Սիրիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել
«Նախագահական ընտրությունների անցկացումը Սիրիայի ժողովրդի օրինական իրավունքն է»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նշված է Իրանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
ԻԻՀ արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Նախագահական ընտրությունների անցկացումը Սիրիայի ժողովրդի օրինական իրավունքն ու ներքին որոշումն է. Անկասկած ժողովրդավարության չափանիշերին համապատասխան անցկացված նախագահական ընտրությունները հույս են ներշնչում, որ ազգային համերաշխությանը և կայունությանը նպաստող գործընթացները կհանգեցնեն Սիրիայի ժողովրդի շահերի պաշտպանությանն ու ճգնաժամից դուրս գալուն, և ի վերջո այդ երկրում կհաստատվի կայունությունն ու խաղաղությունը»:
«ՖԱՐՍ»-ի հաղորդմամբ՝ Սիրիայի նախագահի աշխատակազմը ևս նախօրեին այդ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների առթիվ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ ընտրություններին բարձր մասնակցությունը վկայում է, որ Սիրիայի ժողովուրդը հաստատակամ է իր հայրենիքը վերակառուցելու հարցում: