Ռասմուսեն. Վաղ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու կոնկրետ ժամկետների մասին խոսելը
Վաղ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության կոնկրետ ժամկետների մասին խոսելը, ինչպես նաև դաշինքին անդամակցելու գործողությունների ծրագիր տրամադրելը: Այս մասին «Իտար Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստից հետո նա դժվարացել է պատասխանել Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի միանալու հնարավոր ժամկետների մասին լրագրողի հարցին. «Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին: Մենք այսօր չենք քննարկել որևէ կոնկրետ ժամանակացույց»
Ռասմուսենի խոսքով՝ Վրաստանի առաջընթացը կգնահատեն ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարները հունիս ամսին, իսկ «բաց դռների» քաղաքականության վերաբերյալ անմիջական որոշում պետք է կայացնեն պետությունների և կառավարությունների ղեկավարները, ովքեր կհավաքվեն սեպտեմբերին Ուելսում հրավիրված ՆԱՏՕ-ի գագաթաժողովում:
Նշենք, որ 2008թ.-ին Բուխարեստում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարները մերժել են Ուկրաինային և Վրաստանին տրամադրել դաշինքին անդամակցելու գործողությունների ծրագիր: Այդ ժամանակ դաշինքի անդամ պետությունների ղեկավարները հայտարարել են, որ ժամանակի ընթացքում Ուկրաինան և Վրաստանը կանդամակցեն ՆԱՏՕ-ին:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մասին օրերս հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով նշել է, թե դաշինքի օրակարգում չկա այդ հարցը:
«Չկա նման անհրաժեշտություն»,- այսպես է արձագանքել Մերկելը ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության վերաբերյալ հարցին՝ միաժամանակ անվանելով Վրաստանին «լավ գործընկեր» ՆԱՏՕ-ի ու Եվրամիության կողմից իրականացված շատ առաքելություններում: