Գագիկ Հարությունյանի դստեր ղեկավարած պոլիկլինիկայում կուտակային գանձումներ են արվում
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պոլիկլինիկաներում պարտադիր կուտակային կենսաթոշակի գանձումները շարունակվում են: Ավելին, Panorama.am-ին հասած դժգոհությունների համաձայն, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պոլիկլինիկաներում աշխատողներին պարտադրում են դիմումներ չգրել, իսկ գրողներին էլ սպառնում են ազատել աշխատանքից:
Երևանի կենտրոնում գործող թիվ 4 պոլիկլինիկայում ասացին, որ իրենց մոտ պարտադրանք կամ սպառնալիք չկա, և աշխատողներն ըստ իրենց ցանկության են առաջնորդվում:
Թիվ 5 պոլիկլինիկայում, որը գտնվում է Նորք Մարաշ վարչական շրջանում, տնօրեն Սամվել Ռաֆյանը հարցը լսելուն պես ասաց, որ չի կարող պատասխանել դրան, քանզի ունի վերադասներ և այդ հարցերին նրանք ավելի լավ կարող են պատասխանել:
«Իմ ղեկավարած հիմնարկն է, բայց վերջիվերջո սա պետական հիմնարկ է, և ես ունեմ վերադասներ»,- բացատրեց Ռաֆյանը` հստակ չասելով` այդ հիմնարկում գանձումներ կատարվո՞ւմ են, թե՞ ոչ:
Ավանում գործող թիվ 12 պոլիկլինիկայում հեռախոսին պատասխանող աշխատակիցն ասաց, որ նոր է ընդունվել աշխատանքի ու իրեն ասել են, որ պետք է լրացնի դիմումը` «կուտակային» վճարելու համար:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում գործող թիվ 15 պոլիկլինիկայում ասացին, որ «կուտակային»-ի գանձումները սկսվել են հունվարից ու շարունակվում է մինչև հիմա:
«Այս ամիս դիմումներ ենք գրել, որ չգանձեն, առայժմ հարցական վիճակում է: Բայց վերջնական սեպտեմբերին պարզ կլինի», -փոխանցեց պոլիկլինիկայի աշխատակիցը:
Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների բնակիչներին սպասարկող թիվ 22 պոլիկլինիկայի տնօրեն Լյուդմիլա Մկրտչյանն ասաց, որ ինչպես հանրապետությունում, այնպես էլ իրենց մոտ, գանձումներն արվում են ըստ աշխատողների ցանկության:
«Ովքեր դիմում են գրել, չեն գանձվում, ովքեր դիմում չեն գրել, գանձվում են», -ասաց տիկին Մկրտչյանը` ընդգծելով, որ իրենց մոտ աշխատողներին ոչ պարտադրում են, ոչ սպառնում:
Հետաքրքիր էր պատկերը Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների բնակչության մի մասին սպասարկող թիվ 8 պոլիկլինիկայում, որի տնօրենը նույն ինքը` Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի դուստրն է` Արմինե Հարությունյանը:
Տիկին Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կուտակայինի գանձումներն արվում են ըստ աշխատողների ցանկության:
«Ով ցանկանում է, գանձում ենք գումարը, ով չի ցանկանում, չենք գանձում: Ոչ մեկ չի պարտադրում, մեզ մոտ դեմոկրատիա է: Ես նույնիսկ երեկ բոլորին մեկ առ մեկ հարցրել եմ, որովհետև հասկացա, որ պանիկա է սկսվել որոշ բուժհաստատություններում, որ պարտադրում են, և ես իմ կոլեկտիվից հարցրել եմ` ուզում եք, գանձում ենք, չեք ուզում չենք գանձում», -ասաց նա:
Այս բուժհիմնարկում կուտակային համակարգի տակ չի ցանկացել ընկնել 4 աշխատող, ովքեր էլ համապատասխան դիմում են գրել, իսկ 74 թվականից հետո ծնված 43-ն աշխատող էլ համաձայնել է, որ իրենցից գանձումներ կատարվեն: Դրանց թվում է նաև ինքը` տիկին Հարությունյանը, որի ցանկությամբ իր աշխատավարձից նույնպես պահումներ են արվում:
«Իրենք այսպես են բացատրում` ասում են` մինչև սեպտեմբեր թող գանձեն, միևնույնն է վերահաշվարկ է կատարվելու, վերահաշվարկից հետո, եթե տեսնենք ինչ են որոշում, արդեն կընտրենք մեր ֆոնդը ու կշարունակեն վճարում կատարել: Հիմա էլ են արդեն ընտրում իրենց ֆոնդը: Եթե ինչ-որ փոփոխություն լինի օրենքում, չեն գանձի ու գումարները հետ կտան: Իրենք այսպես են տրամադրված», -ներկայացրեց Արմինե Հարությունյանը:
Ի դեպ, Նորագյուղ, Թաիրով, Հին Էջմիածնի խճուղի և Կիլիկիա թաղամասերի բնակչությանը սպասարկող թիվ 7 պոլիկլինիկան միացվել է թիվ 8 պոլիկլինիկային, որոնք աշխատում են Արմինե Հարությունյանի ղեկավարությամբ: Թիվ 7-ից մեզ ասացին, որ իրենք «փրկվել են` տարիքով մեծ են ու «կուտակայինի» տակ չեն ընկնում»:
Նկատենք, որ սպառնալիքների ու պարտադրանքի մասին լուրերին այսօր կառավարության նիստից հետո անդրադարձել է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ու ասել. «Որևէ վախ չպետք է լինի, որովհետև չկա այդպիսի խնդիր: Կա օրենք ընդունված և օրենքին համապատասխան, յուրաքանչյուր կողմը իր իրավունքները պետք է իրացնի: Եթե կոնկրետ տեղեկատվություն ունենանք, ապա մենք ևս կոնկրետ կզբաղվենք այդ հարցերով»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում