Սերժ Սարգսյան. ՀՀ-ի և Շվեյցարիայի միջև ձևավորվել են բովանդակային հարաբերություններ
«Մենք քննարկեցինք հայ-շվեյցարական համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև անդրադարձանք տարածաշրջանային խնդիրներին»,-այսօր ՀՀ նախագահի նստավայրում հյուրընկալելով Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերին ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նշեց, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորվել են բովանդակային հարաբերություններ, ակտիվ են կապերը խորհրդարանական և դիվանագիտական մակարդակներում. «Շվեյցարիայի կողմից իրականացվել են Հայաստանի համար կարևոր ծրագրեր: Մենք դրական գնահատեցինք Հայաստանի և Շվեյցարիայի առևտրային գործընկերության ներկա մակարդակը: Շվեյցարիան ԵՄ-ում Հայաստանի չորրորդ առևտրային գործընկերն է»:
Ս.Սարգսյանը նշեց, որ հայ-շվեյցարական հարաբերությունների ընդլայնման նոր հարթակ է Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը. «Հայաստանը սատարելու է Շվեյցարիային՝ ԵԱՀԿ-ի նախագահությամբ բոլոր նախաձեռնություններին»:
Նախագահը նշեց, որ իրենք քննարկել են ղարաբաղյան հիմնահարցը. «Բանակցային գործընթացին խոչընդոտում են հրադադարի ռեժիմի անընդհատ խախտումները: Բանակցային բոլոր ջանքերում պետք է հաշվի առնեն ԼՂՀ ժողովրդի կարծիքն ու դիրքորոշումը»:
Երկրի առաջնորդը նշեց, որ Թուրքիայի պատճառով չեն վավերացվել հայ-թուրքական արձանագրությունները, իսկ Թուրքիայի կողմից Հայաստանի անօրինական շրջափակումը պետք է լինի բոլոր միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում:
Իր հերթին Շվեյցարիայի համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերը նշեց, որ երկկողմ հարաբերությունները Հայաստանի և Շվեյցարիայի միջև բարեկամական են և իրենք նպատակ ունեն ընդլայնել առևտրա-տնտեսական հարաբերությունների շրջանակները և իրենք շնորհակություն են հայտնում ՀՀ-ին՝ ԵԱՀԿ-ի շրջանակներում Շվեյցարիային աջակցելու համար:
«ԵԱՀԿ-ն պետք է լինի անկողմնակալ կառույց և մենք լինելու ենք անկողմնակալ նաև ԵԱՀԿ-ի շրջանակներում»,-նշեց Շվեյցարիայի նախագահը:
Նա նաև ասաց, որ իրենք աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, որի շրջանակներում փորձ է արվում լուծել տարիների պատմություն ունեցող ղարաբաղյան հակամարտությունը. «Ստատուս-քվոն չպետք է պահպանվի և մենք էլ քայլ առ քայլ պետք է շարժվենք դեպի խաղաղություն և պետք է ամրապնդվի հրադադարի ռեժիմը: Պետք է խրախուսել նաև երկկողմ շփումները նախագահների միջև»:
Դիդիե Բուրկհալտերը նշեց, որ իրենք առաջ են մղում մադրիդյան սկզբունքների և միջազգային նորմերի հիման վրա ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման գործընթացը: Շվեյցարիայի նախագահը հավելեց, որ խաղաղության տարածումը ամրագրված է Շվեյցարիայի սահմանադրության մեջ և նրանք այդպես էլ առաջնորդվելու են:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան