Իրանը պահանջում է Ադրբեջանից ազատ արձակել իսլամական գործիչներին
Ադրբեջանի իսլամական քաղաքական գործիչներին հետապնդելու, և այդ երկրի քաղբանտարկյալ իսլամականներին ազատություն շնորհելու խնդիրը դառնում է որոշիչ գործոն Իրան-Ադրբեջան փոխհարաբերություններում: Տարբեր իրանական փորձագիտական խմբերի և մտավորականության ներկայացուցիչների կողմից հստակ հաղորդագրություններ են ուղարկվում ադրբեջանական հասարակությանն ու իշխանություններին, որ հիշյալ խնդիրն ուղղակի կապի մեջ է Արցախի հիմնախնդրի հետ, և եթե ցանկանում են, որ Իրանը շարունակի պաշտպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ուրեմն պետք է հավուր պատշաճի արժեվորեն իսլամական կրոնն ու իսլամական քաղաքական շարժումներն Ադրբեջանում:
Հատկանշական է նաև, որ Իրանից կարծիքներ են հնչում, որ եթե նույնիսկ պաշտոնական Բաքուն չընդառաջի Թեհրանի հորդորներին, միևնույնն է այդ խնդրին Իրանը ցուցաբերելու է միջամտություն, քանի որ համարում է այն իր խնդիրը:
Մասնավորապես, նման միտք է արտահայտվել օրերս Թավրիզում տեղի ունեցած փորձագիտական միջոցառման ժամանակ, որտեղ հնչել է այն տեսակետը, ըստ որի՝ Իրանի կողմից Ադրբեջանի իսլամական գործիչներին աջակցելն ու հովանավորելը որևէ կերպ չի կարող որակվել որպես միջամտություն այլ երկրի ներքին գործերին:
Այն, ինչ Իրանն է պահանջում Ադրբեջանից, կապելով Արցախի հիմնախնդրի հետ, դժվարլուծելի, եթե չասենք՝ անլուծելի է: Վերհիշելով վերջին շրջանում պաշտոնական Թեհրանի կողմից պարբերաբար բարձրաձայնված այն հայտարարությունները, որ Իրանը մշակել է Արցախի հիմնախնդրի կարգավորման նախագիծ և պատրաստ է ամենաակտիվ կերպով միջամտել հիմնահարցի կարգավորմանը՝ որոշ չափով հասկանալի են դառնում ադրբեջանական իշխանություններին «անլուծելի» խնդիրներ առաջադրելու իրական նպատակները, այսինքն՝ նախահարձակ լինել, որը կարող է Իրանին հնարավորություն ընձեռել ձերբազատվելու այն քննադատություններից, ըստ որոնց՝ Իրանը, որպես մուսուլմանական երկրների առաջնորդությանը հավակնող շիական պետություն, Արցախի հարցում դավաճանում է իր իսկ քարոզած սկզբունքներին:
Ռուդիկ Յարալյան, իրանագետ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում