Սարգիս Հացպանյան. Սիրիայում նախքան ընտրություններն ընտրությունն արդեն կատարված էր
Սիրիայում նախօրեին կայացան նախագահի ընտրություններ, որոնց արդյունքները հայտնի կլինեն վաղը:
«Բաշար Ասադն ընտրություններով ուզում էր ցույց տալ, որ թեկուզ ռմբակոծվող երկրում մարդիկ ուզում են կայունություն, ուզում են շարունակվի քաղաքական և հասարակական կյանքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը դիտարկումներ արեց հասարակական, քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը:
Նրա բնորոշմամբ, Ասադն ուզում էր անպայման քաղաքացիական ինչ-որ բանով հանդես գալ, ցույց տալ, որ ընտրություններ են: Բանախոսը նկատեց, որ ընտրության մասնակիցների թվի մեծ լինելն էր ամեն կերպ շեշտվում, մի քանի ժամով քվեարկելու ընթացքը երկարեց, քվատուփերն ավելացրեցին:
«ԱՄՆ և Եվրոպական երկրների կողմից ընտրությունները լեգիտիմ չճանաչելն էլ ինչ-որ իմաստով հասկացվում է, քանի որ այնտեղ նաև կա այլընտրանքային իշխանություն, որը, թեև ուղղորդված գործունեություն է ծավալում, բայց և որևէ թեկնածու չառաջադրեց»,- կարծիք հայտնեց Հացպանյանը:
Նա նշեց, որ ընտրություններում Բաշար Ասադին այլընտրանքային թեկնածուներ չկային, մյուս թեկնածուները որևէ ձևով երևելի դեմքեր չեն:
«Դրանք Բաշարին այլընտրանքային թեկնածուներ ապահովելու համար էին առաջադրվել: Դեռ վաղն են հայտնելու արդյունքները, բայց դրանք վաղորոք հայտնի էին, Ասադը վերընտրված նախագահ է լինելու, քանի որ նախքան ընտրություններն ընտրությունն արդեն կատարված էր: Ընտրությունից հետո էլ Բաշար Ասադը ցույց է տալու, որ ունի հենարան, հիմնվում է ժողովրդի վստահության վրա»,- ասաց նա:
Սարգիս Հացպանյանը հավելեց, որ մյուս կողմից էլ Բաշար Ասադն այսօր դիտվում է անցումային ժամանակահատվածի, երկրի կայունությունը վերականգնելու թեկնածուն: