Ս. Մինասյան. Իրավական առումով Հայաստանը ոչ կարող էր, ոչ էլ մտնելու է ԵՏՄ Ղարաբաղի հետ
Հայաստանը մոտենում է ֆինիշային կետին և ես կարծում եմ, որ հայտարարված ժամկետում ` մինչև հուլիսի 1-ը պաշտոնապես կլինի Հայաստանի անդամակցումը: Իսկ եթե ոչ` սա ասում եմ սցենարի վատագույն դեպքում, հունվարի 1-ից Հայաստանը, եթե չլինի ֆորսմաժորային տարածաշրջանային իրավիճակ, կմասնակցի այդ տնտեսական, բայց քաղաքական իմաստով միավորման աշխատանքին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նա նաև ավելացրեց, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո հասարակությունն ու քաղաքական դաշտը վերջապես կհանգստանա առկա ֆոբիաներից, մինչև մի նոր երևույթ լինի այդ քննադատություններն ու ֆոբիաները բարձրացնելու համար:
Անդրադառնալով Աստանայի ֆորումին և մասնավորապես Նազարբաևի հայտարարությանը Ս.Մինասյանն ասաց, որ իրականում Ղարաբաղի մասին դրանում ոչինչ չի խոսվել, խոսվել է Հայաստանի սահմանների մասին. «Մենք պետք է հասկանանք, ինչպես մինչև այդ Հայաստանն անդամակցել է բազմաթիվ քաղաքական, տնտեսական կազմակերպությունների, հիմա էլ կարող է այդպես անել, քանի որ Ղարաբաղը չի հանդիսանում Հայաստանի մի մաս: Այն պետական միավորում է բոլոր ատրիբուտներով, այնպես որ իրավական առումով Հայաստանը ոչ կարող էր, ոչ էլ մտնելու է ԵՏՄ Ղարաբաղի հետ»:
Հիշեցրեց նաև, որ մինչ այժմ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, քանի որ դա կխոչընդոտի բանակցային գործընթացը, բայց և պնդեց` սեպտեմբերի 3-ի հայտարարությունը` հրաժարվել ԵՄ ասոցացումից և անդամակցել Մաքսային միությանն ու ԵՏՄ-ին հենց Ղարաբաղի շահերից ելնելով է արվել:
Քաղաքագետը նշեց նաև, որ Նազարբաևի հայտարարությունն այնքան էլ տհաճ չէր, որքան ընկալվեց հասարակության ու հատկապես սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից:
Նա նաև քննադատեց ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, որը կարծես ավելի շատ կարդում է «ֆեյսբուկները» և մամուլը. «Նրանց ռեակցիան չափազանց նյարդային էր, տրամաբանական առումով ինձ համար հասկանալի չէր: Բայց որպես շարքային ՀՀ քաղաքացի ես հասկանում եմ այն, քանի որ պարանոյայի վիճակը բնորոշ է մեր դաշտին և ամեն ամիս ինչ-որ նոր ֆոբիաներ են ի հայտ գալիս»:
Կովկասագետ Վիլեն Խաչատրյանն էլ նշեց, որ որոշակի վտանգավորություն է տեսնում ԵՏՄ-ին անդամակցությունից, քանի որ Հայաստանը հայտնվելու է մի միջավայրում, որտեղ շատ են մահմեդական երկրները և ակնհայտ է, որ ընթանում է խաղի կանոնների նույնականացում ասիական երկրների հետ. «Սկզբնական շրջանը լինելու է բարդ, անցած ժամանակահատվածը մեր տնտեսվարողները պետք է արդեն օգտագործած լինեին համագործակցության վեկտորը դեպի ասիական տարածաշրջան փոխելու համար»: