Հալեպի Նոր Գյուղ թաղամասը աղետի գոտի է հայտարարվել
Ապստամբական ուժերի կողմից Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասի վրա շարունակական հրթիռակոծությունները իշխանություններին ստիպել են շրջանը հայտարարել աղետի գոտի: Հրթիռակոծությունները սպառնում են հատկապես հայ համայնքին: Այս մասին հայտնում է «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը:
Հրթիռակոծության հետևանքով ավերվել են թաղամասի շենքերը, վնասվել են հայ համայնքի կրթական և գործարար կենտրոնները, ճեմարանները, դպրոցները, մանկապարտեզները: Բնակիչները տեղափոխվել են Հալեպի հարևան շրջաններ, ապաստանել Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նկուղում, որոշները էլ գնացել են դեպի Լաթաքիա:
Հալեպի հայաբնակ թաղամասի հարձակումը դատապարտել են ՀՅԴ-ն, իսկ ԱՄՆ հայ դատի հանձնախումբը նախագահ Օբամային կոչ է արել քայլեր ձեռնարկել Սիրիայում հայերի դեմ հարձակումները դադարեցնելու համար:
Օբամային ուղղված միջնորդագրում նշված է երեք պահանջ. դադարեցնել ապստամբների ռմբակոծությունները անմեղ քրիստոնյաների և Հալեպի մյուս բնակիչների դեմ, ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա` թույլ տալու, որ Եփրատի ջրերը հասնեն Սիրիա, և պատասխան տան ԱՄՆ հայ դատի հանձնախմբի նամակին` կապված մարտի 21-ին հայաբնակ Քեսաբի վրա կատարված հարձակման վերաբերյալ հարցին:
Նշենք, որ լիբանանյան Al-Akhbar թերթը հատնում է, որ Թուրքիայի կառավարությունն ամբողջությամբ դադարեցրել է Եփրատի ջրերի հոսքը դեպի Սիրիա, ինչը կարող է ջրային ճգնաժամ առաջացնել Սիրիայում և Իրաքում: