Հայաստանը պետք է կարողանա լուրջ քայլեր կատարել օրենսդիր մարմնի դերը բարձրացնելու ուղղությամբ. Գագիկ Հարությունյան
Անկախ կառավարման ձևից չափազանց կարևորն այն է, որ խախտված հավասարակշռությունը իշխանության թևերի միջև վերականգնելու համար Հայաստանը պետք է կարողանա լուրջ քայլեր կատարել օրենսդիր մարմնի գործունեության ոչ միայն գործառույթային դերի, այլ նաև ածանցյալ` վերահսկողական դերի էական բարձրացման հարցում: Այդ մասին այսօր Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի շուրջ քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահին առընթեր Սահամանդրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Նկատենք, որ այսօր ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ կազմակերպել է քննարկում քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, լսելու նրանց կարծիքը հայեցակարգով առաջարկվող դրույթների, ինչպես նաև որպես այլընտրանք առաջարկվող կառավարման խորհրդարանական տարբերակի վերաբերյալ:
Հայաստանում խորհրդարանի դերի բարձրացման խնդիրը, ըստ Հարությունյանի, հնարավոր չէ լուծել առանց սահմանադրական որոշակի լուծումների, մասնավորապես թե օրենսդրական գործունեության բնագավառում, թե պետական իշխանության ու կառավարման մարմինների ձևավորման գործում, թե նաև խորհրդարանական փոքրամասնության լիազորությունների էապես ընդլայնման պարագայում:
ՍԴ մասնագիտական հանձնաժողովի նախագահն ասաց, որ տարբեր կարծիքները ու առաջարկները լսելը շատ արդյունավետ կլինի հայեցակարգի վերջնական տարբերակը մշակելու համար:
«Հետագայում ևս տարաբնույթ հանդիպումներ, քննարկումներ կլինեն: Եթե հասարակական համաձայնություն այս հարցում գոյություն չունի, ապա ցանկացած պարտադրանք այս հարցում հակառակ արդյունքն է տալու: Դրա համար այդ քննարկումները գուցե հստակեցնեն հարցերի շրջանակները և բացեն ճանապարհը սահմանադրական կայուն զարգացումների համար», -հայտարարեց Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում